Աշխարհի առաջին կին դիվանագետը հայուհի է

Խոսքը Դիանա Աբգարի մասին է, ով դիվանագետ լինելուց բացի նաև գրող էր, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Նա համարվում է աշխարհում առաջին կին դեսպանը։

Դիանա Աբգարի օրիորդական անունն Անահիտ է, ազգանունը՝ Աղաբեկյան։ Ջուղայից Պարսկաստան, ապա և Հնդկաստան էր գաղթել Աբգարի ընտանիքը, որտեղ՝ բրիտանական գաղութ համարվող Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում 1859 թվականին ծնվել է նա։ Ապրել և կրթություն է ստացել բարեկեցիկ ընտանիքում, որից հետո՝ 1890 թվականին ամուսնացել է Միքայել Աբգարյանի հետ՝ տեղափոխվելով Ճապոնիա՝ Կոբե քաղաք։

Սկզբնական շրջանում Ճապոնիայում զույգը զբաղվում էր մետաքսի, ապա նաև այլ ապրանքների ներմուծմամբ ու արտահանմամբ։ Հետագայում նրանք բացեցին սեփական ընկերությունը։

1906-ին, երբ մահանում է ամուսինը, Դիանան տեղափոխվում է Յոկոհամա՝ Ճապոնիայի նավահանգիստներից մեկը, որտեղ էլ զբաղվելով ձեռնարկատիրությամբ՝ գնում է մի ընդարձակ առանձնատուն՝ բացելով դրա դռները հայերի համար։

Դիանան զբաղվում էր քաղաքական ու հասարակական գործունեությամբ՝ հրատարակելով գրքեր, որոնցում ներկայացնում էր Օսմանյան կայսրության կողմից իրականացվող վայրագությունները։ Այդ գրքերից են «Հազար ու մեկ պատմությունների գրքից. պատմվածքներ Հայաստանի և նրա ժողովրդի մասին. 1892-1922թթ», «Հայկական հարց», «Մեծ չարը», «Միայնակ խաչակիրը», «Ճշմարտությունը հայերի ջարդերի մասին», «Հայաստանը, որին դավաճանեցին»։

Նա օգնեց բազմաթիվ հայ փախստականների, որ Կանադա հասնեն՝ փրկվելով կոտորածից։ Համագործակցում էր մի շարք հայտնի դիվանագետների ու քաղաքական գործիչների հետ՝ վարելով հայանպաստ քաղաքականություն։

Դիանա Աբգարի ազնիվ ու հայրենանպաստ աշխատանքի արդյունքում էր, որ 1918 թվականին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աբգարը, նշանակվեց Հայաստանի լիազոր ներկայացուցիչը Ճապոնիայում։ Նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը, իսկ Հայաստանը՝ առաջին պետություններից մեկը, որտեղ կանանց ձայնի իրավունք է շնորհվել։

Դիանա Աբգարը մահացավ 1937 թվականին Ճապոնիայում։