Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր․ ո՞վ է նա

Նուբար փաշան կամ Նուբար Նուբարյանը հանդիսանում է Եգիպտոսի պատմության առաջին վարչապետը։ Ինչպես արդեն կռահելի է նրա ազգանունից, նա Նուբարյանների տոհմից է՝ ազգությամբ հայ։

Ծնվել է Պոլիսում 1825 թվականին։ Նուբարյանի հայրը Դավիթ Բեկի զինակիցներից բարձրաստիճան զինվորական Նուբարի ժառանգներից էր։ Եվ Նուբարն էլ, չմոռանալով իր հայկական արմատները, ստացել է հայկական կրթություն՝ ավարտելով տեղի հայկական դպրոցը։ Սակայն նաև նշենք, որ ազատ խոսում էր մի քանի օտար լեզուներով, ինչպես նաև ուներ դիվանագիտական ունակություն ու շնորհ։

Ուսումը շարունակել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում՝ Փարիզում, ապա տեղափոխվել Եգիպտոս, ուր անցել է պետական ծառայության։ Զբաղեցնելով մի շարք պետական պաշտոններ՝ Նուբար Նուբարյանը աստիճանաբար բարձրացրել է իր դիրքն ու հեղինակությունը, եղել է անգամ Աբբաս փաշայի անձնական քարտուղարի պաշտոնում։ Ի վերջո դարձել Եգիպտոսի առաջին վարչապետը։

Նա չէր մոռանում, սակայն, իր հայկական արմատները։ Օրինակ՝ Նուբար փաշան հիմնել է մի շարք հայկական դպրոցներ, միջոցներ է հատկացրել հայկական պարբերականների լույս ընծայման համար։ Նա նաև աջակցել է հայ մատենագիրների աշխատանքները ֆրանսերենով ներկայացնելու գործին, ինչպես նաև կազմակերպել հայ գաղթականների օգնությունը, ովքեր Եգիպտոս էին հասել Թուրքիայից։ Համագործակցել է Բեռլինի կոնգրեսի հետ՝ բարձրացնելով ձայնը գաղթական հայերի ճակատագրի վերաբերյալ։

poghos nubar

Նուբար փաշան վախճանվել է 1899 թվականին Փարիզում, հուղարկավորված է Կահիրեում։ Նրա հայանպաստ գործունեության շարունակողը որդին է՝ Պողոս Նուբար փաշան՝ հայտնի բարեգործ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից։