Հայկական պետականությունը 5000 տարեկան է. Արտակ Մովսիսյանն ապացուցել է
Արտակ Մովսիսյանը հեղինակն է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների, ինը փաստագրական ֆիլմերի և ավելի քան չորս տասնյակ գիտական հոդվածների։
«Նա միշտ աչքի է ընկել իր համարձակ հետազոտություններով, ելույթներով և, անշուշտ, արժանի է նման վերաբերմունքի»,- նշեց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացած գիտաժողովում, որը նվիրված էր Արտակ Մովսիսյանի հիշատակին ։

Ակադեմիկոսը նշեց, որ Արտակ Մովսիսյանի աշխատությունները բազմիցս տեղիք են տվել քննարկումների, բանավեճերի, սակայն նրա բոլոր աշխատությունները հիմնված են աղբյուրագիտական ամուր հիմքի վրա, համոզիչ են և նույնիսկ կասկածողները դժվարանում են հերքել նրա այս կամ այն դրույթը։
«Իր «Հայաստանի նախապատմության գրավոր մշակույթի պատմությունը» աշխատության մեջ Արտակ Մովսիսյանը հիմնավոր ապացուցեց, որ հայ պետականությունն ունի 5000 տարվա պատմություն»:

«Մեր հարևաններից ոմանք ձգտում են կեղծել ու յուրացնել մեր պատմությունն ու մշակութային արժեքները: Այսպիսով Արտակ Մովսիսյանի աշխատությունները չափազանց կարևոր են նաև աշխարհին մեր պատմության մասին իրազեկելու տեսանկյունից»:
«Այսօրվա մեր սերունդը՝ հատկապես ուսանողությունը, պիտի Արտակ Մովսիսյանին դարձնի օրինակելի կերպար: Պետք է ոչ թե ուղղակի օգտվել այս կամ այն աշխատությունից ու կրկնել այլոց ասածները, այլ ձգտել ցանկացած շարադրանքի մեջ Արտակ Մովսիսյանի պես հետամուտ լինել նոր խոսքի ու տեսակետի»,- ավարտելով խոսքը՝ շեշտեց Յուրի Սուվարյանը: