Հայուհիները առաջատար են ամենուր. Վրաստանի առաջին և միակ կին օդաչուն հայ է

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին աղջիկների միջազգային օրն էր, և այդ կապակցությամբ վրացական մամուլը խոսում էր վրացական ավիացիայի պատմության մեջ առաջին կին օդաչուի մասին:

Ծանոթացեք.

29-ամյա Նադեժդա Բենքլյանն է՝ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առաջին և դեռևս միակ կին օդաչուն։

Հայուհին դարձել է վրացական ավիացիայի օդաչու՝ հաղթահարելով առկա խոչընդոտները: Նա Georgian Airways-ի համար սկսել է թռչել 2017 թվականին, իսկ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Հայդեմարի Ստեֆանիշին-Պիպերը ԱՄՆ-ի դեսպանատան կողմից նրան է հանձնել ‹‹Քաջության կանայք›› միջազգային մրցանակը:

Նադեժդան պատմել է, թե ինչպես 15 տարեկանում հոր հետ կատարեց իր առաջին թռիչքը: Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ հարց առաջացավ՝ ինչու չդառնալ օդաչու։ Դպրոցը ավարտելուց հետո իր գաղափարի մասին հայտնեց ծնողներին, սակայն նրանք դեմ էին: Երկար փորձերից հետո նրա ծնողները համաձայնվեցին, և Նադեժդան ընդունվեց Վրաստանի Ավիացիոն համալասարան:

Ավիացիոն ոլորտում կանայք դեռ պետք է հաղթահարեն մի շարք կարծրատիպերից առաջացած խոչընդոտները, և իր նպատակներին հասնելու համար Նադյան ստիպված է եղել մյուսներից ավելի շատ և քրտնաջան աշխատել:

‹‹Դժվար է նկարագրել, թե ինչ ես զգում թռիչքի ժամանակ։ Միաժամանակ մի քանի զգացողություն՝ պատասխանատվություն, վստահություն, հպարտություն և երջանկություն։ Հատկապես, երբ դու ես կառավարում թռիչքը: Հաջող թռիչքը վստահություն է տալիս, որ, չնայած բոլոր խոչընդոտներին, կատարել եք ճիշտ ընտրություն››,— ասում է Նադիան: