Առաջին թուրք կինոդերասանուհին ազգությամբ հայ է

Հետաքրքիր օրինաչափություն կա նրանում, որ Իրանում, Թուրքիայում և արևելյան մի շարք այլ երկրներում առաջին դերասանուհիները, պարուհիները և երաժիշտները հայուհիներ էին: Նրանց օրինակ բերելով՝ մահմեդական կանայք վիճարկում էին սոցիալական նախապաշարմունքը, որ բեմը համարվում էր խայտառակություն:

Ապրելով իսլամական պետություններում, գտնվելով նույն անհավասար սոցիալական դիրքում, ինչ մահմեդական կանայք, այնուամենայնիվ, հայ կանայք 19-րդ դարի վերջին և 20 -րդ դարի սկզբին համարձակություն ունեցան բեմ բարձրանալ, խաղալ ֆիլմերում և հրապարակավ կատարել երգեր և պարեր:

Հատկապես 19 -րդ դարի կեսերին ազգային զարթոնքից հետո, նրանք սկսեցին կրթություն ստանալ և աստիճանաբար ներգրավվեցին ազգային և հասարակական կյանքում:

Իր ճանապարհորդական գրառումներում՝ 19-րդ դարի 70-ականներին, շվեդ ճամփորդագիր Սվեն Հեդինը Իրանում ապրող հայ կանանց մասին գրել է հետևյալը. «Հայ կանայք շատ գեղեցիկ և հմայիչ են: Մինչ պարսիկներից անհնար է լսել մեկ բառ, հայ կանայք երբեմն կարող են շփվել ֆրանսերենով, նրանք բաց են և շփվող »:

Արդեն 1870-ական թվականներին պոլսահայ դերասանուհի Պիստոս-Արաքսին (Չիլինգիրյան, 1852-1882) հանդես էր գալիս թուրքական Ադրիանապոլիս քաղաքի հրեական թատերախմբում ՝ հայերեն տառերով գրելով իր դերերը: 1880 -ական թվականներից, երբ արգելվում էին հայկական ներկայացումները, հայկական թատերախմբերը ներկայացումներ էին խաղում թուրքերենով:

Պիստոս-Արաքսի

Այսպիսով, թուրքական հասարակությունն առաջին անգամ տեսավ բեմում մայրենի լեզվով խոսող կին դերասանուհիներին: Ի դեպ, թյուրքախոս թատերական ներկայացումների առաջատար դերասանուհիներից մեկը՝ սկսած 1880-ականներից, վերոնշյալ Պիստոս-Արաքսիի քույրն էր՝ Աղավնի Բինեմեջյանը (1859–1922), որի կատարողական հմտությունները բազմիցս նշվել են թուրքական մամուլի կողմից:

Աղավնի Բինեմեջյանը

Բինեմեջյանի դուստրը՝ Էլիզա Գովանը (1887-1981), դարձավ առաջին թուրքական ազգային թատրոնի ՝ «Դարուլբեդայի» պրիմադոննան, որը ստեղծվել է 1914 թվականին:

Էլիզա Գովան

Մոտ քառորդ դար էլիզան իրեն նվիրեց թուրքական թատերական արվեստին: Նա կարևոր դեր խաղաց թուրք կին դերասանուհիների ուսուցման գործում: Ի դեպ, Գովանը նաև հնարավորություն ունեցավ դառնալ առաջին թուրք կինոդերասանուհին. 1916 թվականին նրա մասնակցությամբ թողարկվեց «Բիննազ» թուրքական առաջին գեղարվեստական ​​ֆիլմերից մեկը: