Հայը , ով այսուհետ ստեղծելու է Dior-ի օծանելիքները

Հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior-ի օծանելիքի տան ստեղծագործական տնօրեն ։ Այս մասին Քուրքջյանը հայտնել է Instagram-ի իր էջում:

Ֆրանսահայ օծանելիքագործն ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է  և արդեն իսկ ստեղծել է երկու օծանելիք Դիորի համար:

«Ինձ համար մեծ պատիվ է՝ միանալ Christian Dior Parfums-ին՝ օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի, վստահորեն ձգտող դեպի ապագա: Այսօր ես ուրախ եմ, որ կկարողանամ կյանքի կոչել իմ տեսլականն իմ բուրումնավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար, ինչը մեծ առավելություն է»,- նշել է նա:

 
Ֆրանսիս Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են, ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան և հայտնվել Հալեպում, այնուհետև հաստատվել Ֆրանսիայում: Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթեղենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։

 Օծանելիքի աշխարհում իր առաջին նվաճումը  եղել է   25 տարեկանում՝ ստեղծելով «Le Mâle»-ը Ժան-Պոլ Գոտյեի պատվերով:   Քուրքջյանը  2009-ին  հիմնել է իր անունը կրող ապրանքանիշը, որը  առաջարկում է նաև  անհատական օծանելիքների ստեղծում: Համագործակցել է հայտնի բազմաթիվ բրենդների հետ եւ բուրմունքներ ստեղծել այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշերի համար, ինչպիսիք են «Elie Saab»-ը, «Burberry»-ն, «Lancôme»-ը, «Giorgio Armani»-ն եւ «Nina Ricci»-ն: