Ավրորա, մի կնոջ պատմություն, ով դարձավ մարդասիրության մարմնացում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրը, Երևանի ծիծեռնակաբերդի հուշահամալիրում առաջին անգամ կայացավ «Ավրորա» համաշխարհային մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնության հիմնադիրներն էին Ռուբեն Վարդանյանը,Էդուարդ Լաքն ու համաշխարհային հնչեղություն ունեցող այնպիսի անուններ, ինչպիսիք են Ջորջ Քլունին, Դեյվիդ Իգնատիուսը, Ջո Վերհովենը և այլ պատվիրակներ։

«101-կյանք» նախագծում 4 հավակնորդներ շահեցին մրցանակը, նրանք, ովքեր կյանքի գնով փրկության ձեռք են մեկնել անօգնականներին և խնամքի տակ վերցրել երեխաներին: Շատերի կարծիքով «Ավրորա» մրցանակաբաշխությունը հավասար է Նոբելյան մրցանակի արժեքին։ Նպատակը` բռնությունը, վայրագությունները, հանցագործությունները կանխարգելելն է, երեխաների տառապանքի ճանաչումն ու կանխումը։

Իսկ ո՞վ էր Ավրորան` Մարտիգանյան Արշալույսը: Նրա մասին պահպանված են աղոտ տեղեկություններ։

Արշալույսը ծնվել է 1901 թվականին, Խարբերդում, բազմանդամ ընտանիքում: Ունեցել է 3 եղբայր և 2 քույր։ 1915 թվականի կոտորածների ժամանակ 14-ամյա Արշալույսը քրոջ` Լուիզայի հետ, գաղտագողի հեռանում և թաքնվում է իր հոր հետ բարեկամական կապի մեջ գտնվող թուրքի տանը։ Դահիճները գտնում են նրանց  և ծաղրուծանակի ենթարկելուց հետո քշում են հրապարակ, որտեղ նրանք գտնում են իրենց մորը, եղբորն ու քրոջը: Արշալույսը տեղեկանում է, որ հոր հետ թուրքական բանակ կանչված եղբորը սպանել են ճանապարհին։ Հյուծված ու ծարավ մարդկանց քարավանը քշվում էր աքսոր:

Արշալույս Մարտիգանյանը երկու տարի անցնում է չարչարանքի ուղով, որը վեր էր անգամ Քրիստոսի խաչելությունից: Նա մի կերպ հասնում է էրզրումի ամերիկյան միսիոներների մոտ և նրանց միջոցով անցնում է Անդրկովկաս, ապա Զորավար Անդրանիկի աջակցությամբ` Ռուսաստան: Արշալույսն այն աղջիկն է եղել, ով Անդրանիկին առաջարկել է ամուսնանալ իր հետ..

Պետերբուրգում լինում է «Ավրորա» ռուսական նավի վրա և  ուղևորվում է Նյու-Յորք: 1918 թ. գրում է իր գիրքը` «Հոշոտված Հայաստան»: Այդ գրքի հիման վրա անմիջապես նկարահանվում է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը։ Ֆիլմում 18-ամյա Մարդիգանյանը խաղում է իր իսկական դերը: Նա պատմում է Դիարբեքիրի գերմանացի սպաների գազանությունների մասին, որ գործածվել են հայերի հանդեպ:

ԱՄՆ-ի 23 նահանգներում` Չիկագո, Հոլլիվուդ, Լոս Անջելես, և այլուր, կինոնկարի ցուցադրությունը ապահովեց պատկառելի գումար` 80-90 միլիոն դոլար, որից Ավրորան 60 հազարը նվիրաբերեց հայ որբերի խնամակալությանը և սովահար հայ ծերերի փրկությանը:

 Վերջին անգամ Արշալույսին հանդիպում է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանը: Ափսոս, որ չի պահպանվել այդ հանդիպումից ոչ մի հիշողություն։ Գերմանիան, տեղեկանալով ֆիլմի մասին, կտրականապես արգելում է և պահանջում, որ ֆիլմից դուրս բերվեն գերմանացիներին վերաբերող մասի ցուցադրությունները։ Դրանից հետո ֆիլմը կարճ կյանք է ունենում։

Արիասիրտ Արշալույսը մահացել է 1994թ-ին, թաղված է Լոս Անջելեսում, գրեթե անհայտության մեջ: Գեղեցկադեմ ու նրբիրան Ավրորան այդպես էլ չարժանացավ ազգի տաքուկ գրկին․․․