Այս տղան դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն. իսկ դու գիտե՞ս նրա պատմությունը

2001 թվականին ծնված Կարեն Մարգարյանը ընդամենը 15 տարեկան էր, երբ Լեհաստանում Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը և ստացավ «Լավագույն մարզիկ» կոչումը։

2018 թվականին Իտալիայում Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին հորիզոնականը: Նույն տարում ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում, 77 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

2019 թվականին Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Այս տարի նույնպես բարձր պահելով Հայաստանի անունը՝ երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը Ֆինլանդիայում տեղի ունեցած ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Շատ ուրախ եմ, որ այս անգամ էլ հաղթեցի: Շատ լավ ստացվեց: Սպասված էր ինձ համար: Ոսկե մեդալի համար պայքարում էի թիմակցիս՝ Սուրեն Գրիգորյանի հետ, որը արծաթե մեդալ նվաճեց»,- ասել է Կարեն Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ այս հաղթանակին հասնելու համար շատ է մարզվել: Աշխարհի երիտասարդական առաջնությունում Կարենը զբաղեցրել էր երկրորդ տեղը: Պայքարում էր Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար, և իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ նրան հաջողվեց երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ:

« Եվրոպայի առաջնությունում հաղթանակս նվիրում եմ մեր անմահ զոհերի հիշատակին: Նաև նվիրում եմ ընտանիքիս, որոնք միշտ իմ կողքին են և քաջալերում են ինձ: Հպարտ եմ, որ իմ մարզումներով հասնում եմ արդյունքի և դրանով գնահատված եմ ու շրջապատս ուրախանում է ինձնով»,- ասել է Կարեն Մարգարյանը: