Հայ գիտնականների նոր հանճարեղ ծրագիրը. մշակվել է թոքերի արհեստական օդափոխության նոր համակարգ

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում մշակել են  թոքերի արհեստական օդափոխման նոր  տիպի համակարգ, որը կլինի անհամեմատ ավելի պարզ, մատչելի, հարմար և որ ամենակարևորն է, չի զիջի իր արդյունավետությամբ։ 

Համակարգը մշակած գիտական խմբի ղեկավար, ֆիզ.մաթ.  գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանը պատմում է.

«Թոքերի օդափոխման բարդ և թանկարժեք բազմաթիվ համակարգեր կան, որոնք օգտագործվում են միայն ծայրահեղ դեպքերում և բժիշկների հսկողության տակ: Բացի սրանից, ոչ բոլոր հիվանդները կարող են ֆինանսապես պատրաստ լինել դրան»: 

Գիտնականների գերնպատակն է ստեղծել սարք, որը կլինի պարզ, հարմար, մատչելի և չի զիջի իր արդյունավետությամբ: Արդյունքում նախագծվել և պատրաստվել է բազմահաճախային տատանումներ ստեղծող փորձանմուշ, որի միջոցով կատարվել են բազմաթիվ փորձարկումներ։ 

Առաջին հետազատությունները կատարվել են նոր մորթված խոզի՝  կենսաբանական ակտիվությունը դեռևս պահպանող թոքերի վրա. մշակված  համակարգը կցել են թոքերին և հետևել, թե այդ տատանումներն ինչպես են ազդում թոքերի վրա:  

Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր հաճախականությամբ տատանումները նպաստում են թոքերի բնականոն աշխատանքին և դուրս են բերում այնտեղից խորխն ու օտարածին մարմինները:

«Ներկայումս բուժհաստատություններում կիրառվող այդ ապարատները շատ թանկարժեք են,  կիրառվում են  շնչառական համակարգի հիվանդությունների ծանր ընթացքի պարագայում և կարող են օգտագործվել միայն բժիշկների հսկողությամբ։ Իսկ մենք առաջարկում ենք ստեղծել շատ ավելի  էժան, այսինքն բնակչության համար մատչելի՝ 100-1000 դոլար արժեքով և հեշտությամբ շահագործվող սարքավորումներ, որոնք կարող են  օգտագործվել և բուժհաստատություններում, և տնային պայմաններում հիվանդների էապես լայն շրջանակի համար,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ հիվանդները թոքերի հետ կապված թեթև խնդիրների պարագայում էլ կկարողանան դիմել սարքի օգնությանը։

Խաչատրյանն ասում է, որ ներկայում աշխատում են վերջնական արտադրական փորձանմուշ պատրաստելու ուղղությամբ։  Վերջնական ադյունքին հասնելուց հետո նրանք պատրաստվում են կրկին դիմել ԲՏԱ նախարարություն՝ ֆինանսավորման ու լիցենզիայի համար: 

«Մենք պատրաստ ենք անցնել այս բոլոր փուլերով , որպեսզի ի վերջո թոքերի արհեստական օդափոխության սարքերը հասանելի լինեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասում է Խաչատրյանը։