Փարիզի սրտում Հայաստանի անունով հատված կլինի

Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որ իսկապես կարող ենք համարել Հայաստանի բարեկամ երկիր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարբերաբար իր քայլերով ապացուցում է այս խոսքերի իսկությունը և նույնիսկ հրապարակայնորեն մի քանի անգամ հայտարարել է երկու երկրների միջև բարեկամության մասին: Ի դեպ, Ֆրանսիայում ապրում է ավելի քան կես միլիոն հայ:

Եվ այսպես, Ֆրանսիայի հերթական արարքը, որ ապացուցում է երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների մասին: ՀՀ դեսպանության խոսքերով երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։

Խորհուրդի միաձայն որոշմամբ Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին կից ընդարձակ տարածքը, անվանակոչվել է Հայաստանի անունով և այժմ կոչվում է Հայաստանի էսպլանադ («Esplanade d’Arménie»)։ Ինչ խոսք, գեղեցիկ է հնչում:

Անվանումը ճիշտ այդպես կգրանցվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր մեջ կներառի նաև 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։

ՀՀ դեսպանությունը ասել է. ‹‹Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհուրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար››:

Նշենք նաև, որ Փարիզի խորհուրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը։