Ինչու՞ է հայազգի բռնցքամարտիկը ռինգ դուրս գալիս եկեղեցականի հագուստով
24-ամյա Նաիրի Մելիքյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է եկեղեցական ծառայողի կյանքով, միևնույն ժամանակ՝ զբաղվում է բռնցքամարտով: Նաիրին ամեն անգամ ռինգ է դուրս գալիս եկեղեցական հագուստով, ասում է՝ այդ հագուստն իրեն ավելի ուժեղ է դարձնում:
«Եկեղեցական հագուստն ինձ ավելի զորություն է տալիս: Ես բոլորին ապացուցում եմ, որ ամեն մեկն իր ոճն ունի։ Քահանաները խորանից են քարոզում քրիստոնեությունը, ես էլ՝ ռինգից: Եղել է, որ մարզիկներն իմ տեսքից զարմանան: Ինձ անձամբ չեն ասել, բայց մարզիչներից լսել եմ, որ ասել են՝ Աստծո ուժն իր մեջ կա, ինքը շատ ուժեղ տղա է »,-պատմում է Նաիրին:

Եկեղեցական ծառայող լինելը չի խանգարում նաև բռնցքամարտիկ լինելուն, ասում է Նաիրին, սակայն իր համար առաջին տեղում հավատքն է: Եկեղեցական կյանքին ծանոթացել է 2007 թվականին: 2019 թվականից դպիր է, ծառայում է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Փոքր տարիքից զբաղվում է սպորտով: Երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեդալները 100-ն են, 30 հատ գավաթ ունի և 4 գոտի։