Հայերի հայտնագործությունները, որոնք հեղափոխեցին աշխարհը
Գիտեի՞ք արդյոք, որ մի շարք հայտնի գյուտեր հայերն են ստեղծել։ Ո՞վ կարող էր պատկերացնել։ Տպիչ սարքը, ֆենը՝ առանց որի կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը, ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, ջրի ծորակը և այլ գլուխգործոցներ պատկանում են հայերին գրչին։ Այս մասին ներկայացված է Ստեփան Պարթամյանի հեղինակած «Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում» գիրքում։
«Գիրքը մեկ անգամ ևս արձանագրում է, թե ինչ ներուժ ունի հայ ժողովուրդը, եթե ապրում և արարում է ազատության, արդարության ու օրինականության պայմաններում»,–նշել է Ստեփան Պարթամյանը:

Հայ ճարտարագիտական մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում 1908 թվականին ներկայացված և 1911 թվականին պաշտոնապես գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջյանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհանուր տարածում գտած և բոլորիս հայտնի «ֆենը»:
Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կարելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ասատուր Սարաֆյանին, ով Ամերիկայում հայտնի է որպես Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտարագետը, ով հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որը 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենաներում:
Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, ինչպես նաև ավտոյուղի չափիչի գյուտերը: Նա հանդիասանում է նաև բազմագույն տպիչ սարքի հեղինակը։
Ամենամեծ համբավ և տարածում ստացած գյուտերից է հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը` յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից կիրառվում է աշխարհում:

Արժե հիշատակել նաև աստղաբաշխական քանակով արտադրվող Արտաշես Հայկանյանի հեղուկ խմիչքների համար նախատեսված «կոկտեյլի փայտիկի» գյուտը։
Իսկ «բանկոմատի» մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, որի ստեղծումը պատկանում է Լյութեր Սիմիջյանին։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:
1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում։
Տեսեք թե ինչ կկորցներ աշխարհը , եթե չլինեին հայերը։ Ընդ որում սրանք միայն մի փոքր մասն են հայ հանճարեղ մտքի։