Հայկական զարդեր, որոնց հռչակը տարածված էր Եթովպիայից մինչև Պարսկաստան

Այսօր հայկական ավանդական զարդերը գնալով ավելի ու ավելի կիրառելի են դառնում: Երևանյան փողոցներով քայլելիս հաճախ կարող ենք տեսնել, տարբեր տեսակի կախազարդեր, սիմվոլիկ պատկերներով մատանիներ, ապարանջաններ, կրող կանանց և աղջիկների:
Այսօր քչերը գիտեն, որ ամեն մի նախշ, պատկեր, զարդ ավանդական մշակույթում գեղագիտական նշանակություն ունենալուց զատ խորհրդապաշտական մի շարք կարևոր գործառույթներ է կատարել: Օրինակ` չամուսնացած աղջիկը իրավունք չուներ կրել արծաթե և ոսկե գոտի, իսկ աջ ձեռքին ոսկյա մատանի:


Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցություններից, մյուս կողմից դառնալով ավելի հմայիչ և գեղեցիկ:

Ուսումնասիրելով զարդարվեստի պատմությունը տեսնում ենք, որ թագուհիները որոշ զարդեր երբեմն կարող էին կրել, երբեմն ո՛չ, միայն մատանին էր,որ պետք էր միշտ կրել։

Հնուց ի վեր արծաթագործությունն ու ոսկերչությունը եղել են տարածված Հայաստանում, այս մասին վկայում են Դվինի պեղումներից հայտնաբերված բացառիկ նմուշները, որոնք այժմ պահվում են պատմության թանգարանում: Աշխարհի տարբեր անկյուններում՝ Եթովպիայից մինչև Պարսկաստան արծաթագործությունը եղել է հայերի «ձեռքում»։ Հայ վարպեներին հավասարը չուներ ոչ ոք։ Վաղ շրջանի հայ ականավոր արծաթագործներից է եղել Արծրուն Բերբերյանը, ով ծագումով վանեցի էր, իսկ Վանի արծաթագործության դպրոցը համարվում էր լավագույններից մեկը: 

Հայկական զարդերը, որոնք հիմա բավականին ակտուալ և տարածված են, հիմքում ունեն Բերբերյանի ոճը: Նրա ստեղծած բացառիկ նմուշներից մի քանիսը,ներկայացված են Հայաստանի Պատմության թանգարանում։ Օրինակ՝ Մանյակ վիշապազարդը։

Երկշարք վիշապազարդի վերևի մասում վիշապներ են հավաքված ժապավենի վրա: Ընդհանուր 36 վիշապ է, իսկ կախիկները 37-ն են, քանզի վզնոցի կենտրոնում կլոր, հարթ մշակված խոշոր մանուշակագույն ամետիստ է: