Սինգապուրի Ազգային Ծաղիկ ստեղծողը հայ էր

Ագնես Ջոաքիմ (Աշխեն Հովակիմյան) հայ կին,որի անունը հայտնի դարձավ Սինգապուրում և նրա սահմաններից դուրս: Ագնեսը կամ Աշխենը  ծնվել է  Սինգապուրում, 1854 թվականի ապրիլի 7-ին, Բարսեղ և Ուրելիա Ջոաքիմների (Հովակիմյանների) հարուստ ընտանիքում։ Ընտանիքը ունեցել է 11 երեխա,որոնցից երկրորդը Ագնեսն էր:

Ագնեսը,ինչպես իր մայրը,քույրերը և շատ այլ հարազատներ հետաքրքրվել է այգեգործությամբ: 1881 թվականից սկսած՝ընտանիքի անդամները մրցանակներ էին ստանում ամենամյա ծաղիկների ցուցադրություններում՝իրենց հավաքած ծաղկային,մրգային և բանջարեղենային կոմպոզիցիաների համար:1893-1895 թվականներին սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսներում նա ընդհանուր առմամբ նվաճել է քսանյոթ առաջին և տասնհինգ երկրորդ մրցանակ։

Ագնեսը ոչ միայն  հետաքրքրվում էր կոմպոզիցիաներով,այլ նաև աճեցնում և փորձարկումներ էր կատարում ծաղիկների հետ:Արդյունքը եղավ այն,որ 1898 թվականին  Ագնեսը փառքի արժանացավ,երբ ծաղկի ցուցահանդեսում ներկայացրեց իր աճեցրած այն խոլորձը (օրխիդեա), որը հետագայում ստացավ ստեղծողի անունը՝ «Միսս Ջոաքիմի Վանդա»։ Բիրմայական եւ մալայական խոլորձների հիբրիդ խոլորձը (օրխիդեա) պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկն է եւ աշխարհում առաջինը, որ ստեղծվել է կնոջ ձեռքով։

 Սակայն կյանքը դաժան գտնվեց Ագնեսի հանդեպ և 1899 թվականին, պարգևատրման արարողությունից երեք ամիս անց Ագնեսը մահացավ քաղցկեղից,չկարողանալով  տեսնել թե ինչպես է իր ծաղիկը դառնում Սինգապուրի ազգային խորհրդանիշ:

1947 թվականին  ծաղիկն ընտրվեց երկրի Առաջադիմական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981 թվականին՝ ազգային ծաղիկ՝ ողջ Սինգապուրի խորհրդանիշ: «Միսս Ջոաքիմի Վանդան» պատկերված է Սինգապուրի փոստային նամականիշների, մանրադրամների և 500 սինգապուրյան դոլար թղթադրամի վրա։