Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից ամենադաժանը

Հայկական աղբյուրներում՝ ցեղասպանության կամ ընդհանրապես այդ շրջանի իրադարձություններում Սալիհ Զեքի անունը հիշատակվում է՝ որպես «Հրեշ Զեքի»։ Ո՞վ էր նա և ինչ կապ ուներ հայոց ցեղասպանության հետ։

Սալիհ Զեքին ծնվել է 1883թ.-ին՝Սամսուն քաղաքում, ազգությամբ չերքեզ էր: Նրա հայրը Օսմանյան կայսրություն ներգաղթել էր 1864թ. չերքեզների մեծ գաղթի ժամանակ՝ Հյուսիսային Կովկասի Կուբանի շրջանից: Սալիհ Զեքին Դեր Զորի նահանգապետն էր, որտեղ գտնվում էր ամենամեծ համակենտրոնացման ճամբարը, և կազմակերպվել էր մոտ 200 հազար հայերի ոչնչացումը:

Նրա հետ կապված խնդիրն ինչու՞մն էր։ Այսպես, եթե նայում ենք աղբյուրները, այնպիսի տպավորություն է, որ նա 1915թ. հայտնվեց, 1916թ. իր ամենասև գործունեությունը ծավալեց, և անհետացավ: Այսինքն՝ շատ քիչ տեղեկություններ կան նրա անցյալ և ապագայի մասին:

Հայոց ցեղասպանության պատմության շատ իրադարձություններ կապված են Սալիհ Զեքիի հետ, օրինակ՝ Էվերեկում նա կախաղան է բարձրացրել օսմանյան խորհրդարանի պատգամավոր Մեծն Մուրադին՝ իր 8 ընկերներով, օրենքի խախտմամբ աքսորել է Դարդանելի հերոս Սարգիս Թորոսյանի ընտանիքը:

Նա հայերին ոչնչացնելու համար օգտագործել է նաև հենց կրոնափոխ հայերին և  ասում էր, որ, եթե կրոնափոխ եք եղել, պետք է ապացուցեք ձեր հավատարմությունը ու ոչնչացնեք ձեր հայրենակիցներին: Գոյություն ունեն վկաների ու վերապրածների բազմաթիվ հուշեր, որտեղ Սալիհ Զեքիի անունը կա: Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Էմանուել Էմանուլիդիսը նշում է, որ 1917թ. հանդիպել է Սալիհ Զեքիին, որն ասել է, թե զղջում է, որ 60 հազար հայ է վերացրել, երեխաներին կենդանի վառել, և, նույնիսկ, ուզում է ինքնասպանություն գործել: 1933թ. Մոսկվայում՝ նկարագրելով հայերի ոչնչացումը, նա խոստովանել է, որ որպես նահանգապետ պատասխանատվություն է կրում, քանի որ մասնակցել է այդ զազրելի գործին:

1918թ. Սալիհ Զեքին լքել է Թուրքիան: 1920թ. Զեքին դատապարտվել է մահապատժի, որի որոշումն էլ ստորագրվել է սուլթանի կողմից, սակայն այդպես էլ ի կատար չի ածվելՆրա հետ կապված մի շարք հանգամանքներ նպաստել են, որպեսզի նրա կերպարը տասնամյակներ շարունակ մնա չբացահայտված։

Հայկական թերթերը նշում էին, որ 1918թ. նրան Բեյրութի մոտակայքում իր օգնականի հետ ձերբակալել և սպանել են հայկական լեգիոնի զինվորները: Մեկ այլ տեղեկություններ կան, որ նրան Սիրիայում են ձերբակալել հայերը և սպանել: Սակայն, իրականում այդ ընթացքում նա գտնվում էր Ստամբուլում, իսկ 1918թ. վերջին արդեն մեկնել էր Բաքու: Նա մտավախություն ուներ, որ հայերի նկատմամբ ոճրագործության համար, իրեն դատելու են: Հենց այդպես էլ եղավ։ Զեքին մահացել է 1940թ. նոյեմբերի 3-ին, 57 տարեկանում, Մոսկվայում: