Գաղտնի օպերացիա հայերի մասնակցությամբ

Սա պատմություն է 1971թ․-ին  Վազգեն Մանուկյանի և Վազգեն Առաջինի հանդիպման մասին։ Որը շրջադարձային նշանակություն ունեցավ հայկական մշակույթի համար, քանի որ այն վերաբերում էր Սովետական Ադրբեջանից խաչքարերի գաղտնի տեղափոխմանը։ Այս գաղտնի օպերացիան  ունի իր ուրույն տեղը հայոց պատմության մեջ։

Խորհրդային միության տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսը մի խումբ երիտասարդների հետ, որոնք ակտիվ էին ազգային հարցերի շուրջ և որոնց հետ նա բավականին մտերմացել էր, որոշում  է «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքար: Վեհափառը մտահոգություն ուներ, որ հատկապես Ադրբեջանում դրանց գոյությունը վտանգված էր լինելու:

Այդ երիտասարդների թվում էր Վազգեն Մանուկյանը։ Նրա գլխավորությամբ մի քանի երիտասարդների հաջողվում է 1971 թվականին Նախիջևանից արժեքավոր խաչքարեր գաղտնի տեղափոխել Հայաստան:

Վազգեն Մանուկյանը այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում։ Նա 1967 թվականի ապրիլի 24-ին, մի խումբ ընկերների հետ բողոքի ցույց է կազմակերպում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև: Ցույցն աննախադեպ էր և մեծ արձագանք է ստանում Խորհրդային միությունում, որից հետո Վազգեն Մանուկյանին հեռացնում են համալսարանից: Այստեղից էլ  սկիզբ է դրվում նրա քաղաքական գործունեությանը:

Իսկ ինչ վերաբերում է մնացած խաչքարերին, 2005թ. դեկտեմբերի 15-ին ադրբեջանական պետության կողմից կազմակերպվեց և զինվորական ստորաբաժանումների ձեռքով օրը ցերեկով վերջնականապես իրագործվեց հայկական պատմական բնօրաններից մեկի` Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի շուրջ 5000 խաչքարերի բազմափուլ փոշիացումը։