Հայկական յուրօրինակ ուտեստներ, որոնց մասին դուք հաստատ չեք լսել
Հայկական ազգային խոհանոցը, գրեթե ամբողջությամբ պահպանելով իր ավանդական ուտեստները, այսօր էլ շարունակում է հարստանալ բազմաթիվ նոր ճաշատեսակներով և մթերքներով։ Այնուամենայնիվ, ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Չկա այնպիսի մի հայ, ով չիմանա և համտես արած չլինի այնպիսի հայկական ուտեստներ, ինչպիսիք են՝ տոլման, հարիսան, խաշը, ղափաման, տհալը, ժենգյալով հացը և այլ ուտեստներ: Մինչդեռ մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ այլ կերակրատեսակներով ևս, որոնք պետք է վերարժևորել, որոշները գուցե և՝ վերհիշել:
Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.
1.Ղազղանի խորոված

Սյունիքի ինքնատիպ ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է տավարի փափուկ մսով, սալորաչրով և խնձորով:
2.Կեր ու սուս

Համեղ կերակրատեսակ, որը պատրաստվում է տապակած տավարի կամ գառան մսով և բանջարեղենով: Կեր ու սուսը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին:
3.Վանա քաշովի

Վանա քաշովին ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, տհալը, լոլիկը և սոխը: Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է:
4.Կոլոնդրակ

Արցախի բարբառով «Կոլոնդրակ» նշանակում է ձնագնդի: Կոլոնդրակը շատ համեղ աղանդեր է, լայն տարածում ունի Արցախում և Սյունիքում: Կոլոնդրակ անունը ստացել է փոխնձից պատրաստված գնդիկների համար: Պատրաստվում է դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնվում` ծիրանաչրի և սալորաչրի մեջ:
5.Խանգյալ

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ առավելապես Շիրակի, Ջավախքի և Լոռվա բնակիչների շրջանում։ Շիրակի մարզում խանգյալի փոխարեն կիրառում են նաև «Թաթար Բորակի» անունը: Խմորից պատրաստված խորանարդիկների վրա ավելացնում են չորաթանի մածուկ և սոխառած: