Հաղպատ գնալուց սա տեսնելը պարտադիր է
Հաղպատի վանքն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցանկում: Այն իսկական գանձ է մեզ՝ հայերիս համար: Այս գանձի պատերի ներսում պահվում է ևս մի գանձ, որի մասին շատերը չգիտեն: Քրիստոսի խաչափայտի մասունքը: Հաղպատավանքում գտնվելիս, այցելուն կարող են անցնել այս մասունքի կողքով և չիմանալ, թե Նբ. Նշան եկեղեցու խորանի կողքին գտնվող տուփն ինչ է իրենից ներկայացնում:
Իսկ պատմությունը հետևյալն է: Շատ դարեր խաչափայտի այս մասունքը եղել է Հաղպատավանքի գանձերից մեկը, բայց 1921 թ., երբ Հայաստանն ու Վրաստանը մտան Խորհրդային Միության կազմի մեջ, սկսեցին փակվել վանքերը: Հաղպատի վանքի քահանան, որն այլևս չէր կարող մնալ այնտեղ, լքում էր վանքը, որպեսզի տեղափոխվեր Թբիլիսի: Սակայն նա գիտեր, որ խաչափայտի մասունքն անպաշտպան թողնելը կնշանակեր ընդմիշտ կորցնել այն, այդ իսկ պատճառով քահանան այն իր հետ տանում է Վրաստան: Քահանան մինչև կյանքի վերջ բնակվում է Թբիլիսիում և մահից առաջ խնդրում իր բարեկամուհուն պահել մասունքը և այն տալ միայն հայի: Պայմանն այն էր, որ եթե մի օր մասունքն անցներ ուրիշի ձեռքը, այդ մարդը պետք է պարտադիր հայ լիներ:

Այդպես էլ լինում է: 2007 թ., քահանայի ազգականներից մեկը մասունքը տեղափոխում է Հայաստան և այն վերադարձնում Հաղպատի վանքին, ուր որ այն մինչև օրս էլ գտնվում է: