Քչերը գիտեն Ոստանիկ Ադոյանին. նա ամբողջ աշխարհին այլ անունով է հայտնի

Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, ով ամբողջ աշխարհին հայտնի է Արշիլ Գորկի կեղծանվամբ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։

1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919թ. մահանում է մայրը։

Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920թ. մեկնում են ԱՄՆ։

1922թ. Բոստոնի նկարչական դպրոց։ 1924թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924թ. Ոստանիկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։

1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։

1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։

1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։

1941թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։

1941թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահաևդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։

1945թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին, սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։

1948թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին 1948-ին Գորկին ինքնասպան է լինում:

Ստորև ներկայացնում ենք Արշիլ Գորկու նկարներից մի քանիսը: