Ինչպե՞ս է Շահ Աբասի դիմանկարը հայտնվել Մայր տաճարի պատին
Ի՞նչպես է Շահ Աբասի դիմանկարը քանդակվել Մայր տաճարի պատին՝ գմբեթի տակ։ Պատկերը քանդակվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Ո՞րն էր երկրի մահմեդական թագավորի պատկերի հապճեպ դաջման անհրաժեշտությունը: Ի՞նչ էր տեղի ունեցել։
1604թ.-ին Շահ Աբասը գրավում է Հին Ջուղան և իր հետ տանում է մեծ թվով հայերի: Նա մտադիր էր տեղահանված հայերի ձեռքով շենացնել իր երկիրը։ Դրա համար հայերին տեղավորեց Սպահանում, սակայն շատերը երազում էին Հայաստան վերադառնալու մասին: Շահ Աբասը հասկանում է, որ մարդկանց ձգում է հավատն ու Էջմիածինը: Նա որոշում է հայերի համար նոր հոգևոր կենտրոն կառուցել՝ մտածելով, թե դա կլռեցնի հայերի՝ հայրենիք վերադառնալու ցասումը: Շահ Աբասը իր զինվորներին հրամայում է գնալ Էջմիածին, քանդել Մայր տաճարը և քարերը տեղափոխելով Պարսկաստան, Սպահանում կառուցել նոր տաճար: Նա հրամայում է Սպահան բերել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, իսկ սա կնշանակեր, որ առաքելական եկեղեցին կդադարեցներ իր գործունեությունը:

Շահ Աբասի սարսափելի մտադրության մասին լուրը հասնում է Հայաստան: Հայ վանականները խելացիորեն կարողանում են դուրս գալ այս ամենից։ Նրանք գիտեին պարսկական սովորույթներից մեկի մասին` երբեք չքանդել այն շինությունը, որի վրա կլինի պարսից Շահի պատկերը: Այդպես էլ լինում է: Որոշում է կայացվում հնարավորինս արագ քանդակել Շահի պատկերը տաճարի պատին, ինչը և փրկում է Մայր տաճարը ավերումից: Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու անասելի ջանքերի շնորհիվ, հնարավոր է լինում մի վաճառականի օգնությամբ գաղտնի վերադարձնել Էջմիածին: