Վայր Հայաստանում, որտեղ գրավիտացիան ‹‹չի աշխատում››
Արագածի գրավիտացիոն բլուրը
Երկրագնդի վրա կան տասնյակ վայրեր, որոնք մարտահրավեր են նետում բնության օրենքներին: Այս առեղծվածային երևույթները գրավում են ոչ միայն գիտնականների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: Դրանցից մեկը գտնվում է Հայաստանում` Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ միջնադարյան ամրոց տանող ճանապարհին: Այս ճանապարհի վրա մեքենայի փոխանցումը նեյտրալ դիրքում թողնելու դեպքում այն ինքն իրեն կսկսի դեպի վեր շարժվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելացնել արագությունը:

Բայց դա այստեղ տեղի ունեցող միակ անոմալ երևույթը չէ. լեռնային գետը ևս ներքևից վերև է հոսում:
Ամերիկացի հանրահայտ վլոգեր Nas Daily-ն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան` մեր երկրի մշակույթի ու մարդկանց հետ ծանոթանալու և հետաքրքրաշարժ վայրեր գտնելու, իր մեկրոպեանոց հոլովակներից մեկում պատմում է Արագածի գրավիտացիոն բլրի մասին:
‹‹Վերևը ներքև է, ներքևը` վերև, և դա պայթեցնում է ուղեղը››. տեսանյութում այսպես է խոսում վլոգերը` նշելով, որ սա եղել է իր ունեցած ամենախելահեղ արկածներից մեկը:
Արագած լեռան մասին գիտեն բոլորը: Այն ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ:

2016 թվականի սեպտեմբերի 17-ին «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մշակութային հասարակական կազմակերպությունը Նարեկը երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) տեղադրել է Արագած լեռան հարավային գագաթին՝ Քարի լճի հատվածում։ Տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ Նարեկի խոսքը կարդում և հնչեցնում են Արագած լեռան բարձունքից: Լեռան վրա է գտնվում Քարի լիճը։
Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին:
Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն` իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ: