Միակը աշխարհում․Վերականգնվել է IV հազարամյակի մարդու տեսքը

Աշխարհում առաջին անգամ Հայաստանում  վերականգնվել է  մ․թ․ա. IV հազարամյակի մարդու կերպարը։

Մ․թ․ա. IV հազարամյակի մարդու կերպարը աշխարհում առաջին անգամ վերստեղծվել է Հայաստանում։

Հայ գիտնականները իրենց Բրազիլիացի, Չեխիացի և Իռլանդացի գործընկերների հետ վերականգնել են Արենի-1 քարանձավում բնակվող ամենահին մարդու արտաքին տեսքը: Այս սենսացիոն հետազոտությունն իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ` ձեռք բերված հնագիտական ​​տվյալների և ԴՆԹ -ի անալիզների հիման վրա:

Հիշեցնենք, որ 2007-2014թթ. Արենի-1 քարանձավում պեղումների ժամանակ  հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկը, աշխարհի հնագույն գինեգործական համալիրը և բազմաթիվ այլ արժեքավոր արտեֆակտներ, որոնք հուշարձանը հասցրել են համաշխարհային ճանաչման: Քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են շատ արժեքավոր գտածոներ: Նշեմ, որ այն գտնվում է Հայաստանի գինեգործական մայրաքաղաքի` Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ՝ Արփա գետի ափին՝ Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա:

«Սա ոչ միայն փոքրիկ քարանձավ է, այլ՝ մի ամբողջ գանձարան: Այստեղ գտնված ամենահին կոշիկը, գինու հնձանն ու մյուս գտածոները մեզ առիթ են տալիս հայացք նետել դեպի անցյալ ու փորձել պատկերացնել, թե ինչ կյանքով են ապրել մեր նախնիները: Անկախ նրանից, թե ինչ ազգի ենք պատկանում, մեր անցյալն ընդհանուր է: Այսպիսի հնավայրերը մեզ օգնում են հասկանալ մեր մարդկային միահյուսված անցյալը: Դա է պատճառը, որ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցում է նման ծրագրերի իրականացմանը», — լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։