Այրվող աղբյուր Հայաստանի գյուղերից մեկում
Շիրակի մարզի Գետք գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին: Այժմյան բնակչությունը կազմում է ավելի քան 550 մարդ:
Այս գյուղում կա մի աղբյուր, որի ջուրը վառվում է: Աղբյուրի մասին գիտեն տեղի բնակիչներից բոլորը՝ փոքրից մինչև մեծ: Սա ինչ-որ առեղծվածային բան է պարունակում իր մեջ կամ գուցե ուղղակի գիտություն է: Ոչ ոք չի ուսումնասիրել տեղանքը, այդ պատճառով հստակ փաստեր չկան, թե ինչու է այդպես լինում:

Երբ աղբյուրի ջուրը հոսում է, ու կրակը մոտեցնում են ջրին, ջուրը սկսում է վառվել: Հատկապես երեկոյան ժամերին կրակը ավելի տեսանելի է դառնում: Եվ եթե տարածքում քամի չկա, ապա կրակը անվերջ շարունակվում է մինչև որևէ մեկը չհանգցնի այն:
Աղբյուրի ջուրը խմելու է: Սակայն կա մի հետաքրքիր փաստ ևս. ջուրն ունի հանքային ջրի համ և դրանից գազի հոտ է գալիս: Ըստ բնակիչների՝ հավանաբար, գետնի տակ կան գազի պաշարներ, որոնք խողովակի միջով ջրի հետ միասին գալիս են: Դրա հետևանքով կրակը ջրից չի հանգչում, իսկ ջրից գազի համ է գալիս:
Սակայն սրանք պարզապես վարկածներ են, որոնք առաջ են քաշել տեղացիները: Իսկ թե ինչ է կատարվում իրականում, ոչ ոք չգիտի: