Ո՞վ է այս տղամարդը եւ ի՞նչ կապ ունի Վիլյամ Սարոյանի հետ

Նկարում Ռոսս Բաղդասարյանն է՝ Վիլյամ Սարոյանի զարմիկը: Առհասարակ, Ռոսս Բաղդասարյանը, նույն ինքը՝ Ռոստոմ Սիփանը, նույն ինքը՝ Դեյվիդ Սեւիլը ԱՄՆ-ի ամենահայտնի հեռուստադեմքերից եւ երաժիշտներից էր:

Նա նկարահանվել է Ալֆրեդ Հիչքոքի «Հետեւի պատուհանը» եւ հեռուստատեսային ու գեղարվեստական այլ ֆիլմերում, խաղացել Բրոդվեյում, արժանացել է երեք Գրեմմի մրցանակի, իսկ նրա ստեղծած «Էլվինը եւ շերտավոր  սկյուռիկները» կերպարները լրիվ ուրիշ պատմություն են:

Բայց մինչ նրանց անդրադառնալը անհրաժեշտ է խոսել մոնտաժի այն յուրահատուկ տեխնիկայի մասին, որը ստեղծել է Ռոսսը: Նա ձայնի ընդունման եւ վերարտադրման արագությունների տարբերության եւ փոփոխության շնորհիվ կարողացավ ստանալ ձայնի տատանվող բարձր տեմբր: Հենց այդ հայտնագործությունը հիմք դարձավ ժամանակակից, նորագույն ձայնային եւ մոնտաժային հնարքների ստեղծմանը: Մինչ Ռոսսը շատերը` անգամ Ուոլթ Դիսնեյը, փորձել էին ձայնի արագությունների տարբերություն ստանալ, սակայն երկար եւ արագ խոսակցություններն անհնար էր լինում այդ ձեւով վերարտադրել: Ռոսսը ձայնագրման պրոցեսին կցեց նաեւ ձայներիզային սարքեր, որոնց շնորհիվ արդեն հնարավոր եղավ ամենաբարձր օկտավաներն անգամ մաքուր վերարտադրել ինչպես երգի, այնպես էլ խոսակցային ձայնագրությունների դեպքում:

Այդ ձեւով նա ձայնագրեց մի քանի երգեր, որոնք բոլորն էլ սիրվեցին, սակայն ճանաչում նրան եւ նրա ստեղծած տեխնիկային բերեցին վերը նշված «Էլվինը եւ շերտավոր  սկյուռիկները» հեքիաթային կերպարները:

 1958 թ-ին նա ձայնագրեց «Շերտավոր սկյուռի երգը» ստեղծագործությունը, որը հենց նույն տարում վաճառվեց  3,5 միլիոն օրինակով: Բոլոր երեք սկյուռիկների ձայներով երգում էր Ռոսսը: Այդ երգին հաջորդեցին «սկյուռիկների կատարմամբ» այլ երգեր, որոնք հետո դառնում էին ձայնասկավառակներ, եւ բոլորն էլ սիրվում էին անմիջապես:

 Սկյուռիկների կերպարներով ստեղծվեցին շոուներ, մուլտֆիլմեր, ներկայացումներ, նրանք սկսեցին հանդես գալ հյուրախաղերով: Ըստ էության, դա առաջին անիմացիոն երաժշտական խումբն էր, որի գործունեությունը սկսվեց 1958 թվականին եւ շարունակվում է մինչ մեր օրերը` բոլորովին չկորցնելով իր հետաքրքրությունը:

1972 թվականին՝ Ռոսսի մահից հետո նրա գործը շարունակեց որդին` Ռոսս Բաղդասարյան-կրտսերը:

2007 թվականին որդին հոր հիշատակին նկարահանեց ֆիլմ, որի վերջում գրված էր. «Այս ֆիլմը նվիրվում է Ռոսս Բաղդասարյանին, որը բավականին խենթ էր, որպեսզի 50 տարի առաջ ստեղծեր երգող շերտավոր սկյուռիկների»: