Ո՞վ էր ազգությամբ հայ այս տղամարդը և ի՞նչու էին նրան դիմում Ուինսթոն Չերչիլը, Էռնեստ Հեմինգուեյը, Օդրի Հեփբերնը և այլ լեգենդներ. ճանաչենք անցյալ դարի մեր հանճարին

Յուսուֆ Քարշը բոլոր ժամանակների ամենահայտնի և կայացած դիմանկարային լուսանկարիչներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ. Արեւմտյան Հայաստանում: Նրա ընտանիքը հրաշքով փրկվել է Եղեռնի ժամանակ։ 1924թ., երբ թուրքական ռեպրեսիաները հայերի նկատմամբ դեռևս չէին դադարել, 16-ամյա տղային ուղարկում են Կանադա՝ Քվեբեկ (Շերբուրգ), որտեղ ապրում էր նրա հորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Վերջինս նկատում է, որ տղան կարողանում է լուսանկարչական ապարատով մարդկանց նկարել հետաքրքիր դիրքերով եւ դեմքի արտահայտությամբ: Լինելով այս գործի մարդ՝ Նաքաշյանը որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ: 3 տարին էլ բավական էր Քարշին՝ այս գործի մեջ «գայլ» դառնալու համար: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ անելու համար:

Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ:

Սոմերսեթ Մոեմը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրանկլին եւ Էլիանոր Ռուզվելտները, Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասոն, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Շառլ դը Գոլը, Բերնարդ Շոուն, Ալբեր Քամյուն, Ջորջ Պոմպիդուն, Ժան Կոկտոն, Մարտին Լյութեր Քինգը, Յուրի Գագարինը և շատ հայտնիներ այնքան են վստահել Քարշին, որ ֆոտոսեսիաների ժամանակ հանդես են եկել այնպես, ինչպես նրանցից պահանջել է Քարշը:

Ամենահետաքրքիր պատմությունը կապված է Ուինսթոն Չերչիլի հետ: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, որտեղ Համայնքների պալատում ելույթ ունենալուց հետո՝ Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Մաքենզի Քինգը (ով, ի դեպ, եղել է առաջին հայտնի մարդը, ում լուսանկարել է Քարշը: Նա հետագայում մեր հայրենակցին ծանոթացրել է Կանադայի էլիտար խավի հետ) Չերչիլին առաջարկում է «Խոսնակի սենյակում» (Speakerգs Chamber) ֆոտոսեսիա անցնել: Չերչիլին նախապես չէին զգուշացրել այդ մասին, եւ նրան այս միտքն այնքան էլ դուր չի գալիս, սակայն չի հրաժարվում: Սովորության համաձայն, Չերչիլը կպցրեց իր սիգարը եւ «թարս չափեց» 33-ամյա լուսանկարչին: Սա նշանակում էր՝ պատրաստ եմ, նկարի՛ր: Կադրը հաջող չէր, եւ Քարշը Չերչիլին խնդրեց բերանից հանել սիգարը:

Ուինսթոն Չերչիլ

Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը մոտեցավ նրան եւ ասելով՝ «Ես ներողություն եմ խնդրում», Չերչիլի բերանից հանեց սիգարը: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր տղային, երբ լուսանկարչական ապարատը չխկաց:

«Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»,- հետագայում այսպես է ասել Չերչիլը Քարշին:

Այս լուսանկարը եղավ Քարշի հաջողության գրավականը ու երիտասարդ տղային միանգամից հայտնի մարդ դարձրեց:

Շատերի կարծիքով, լուսանկարչին հաջողվել էր Չերչիլին պատկերել այնպիսին, ինչպիսին նա ընկալվում էր մարդկանց գիտակցության մեջ՝ հզոր, ահազդու հերոս, ում հետ մեծ հույսեր էր կապում Համաշխարհային պատերազմի մեջ ընդգրկված Անգլիան: Նկարի շուրջ հոդվածներ գրվեցին, այն երկու անգամ տպվեց «Life» ամսագրում:

Յուսուֆ Քարշը մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, 2002թ.-ին՝ 93 տարեկանում: Նրա կյանքի պատմությունը հարուստ է 15.000 հրաշալի լուսանկարներով, որոնք ոչ միայն մեծ փառք են բերել լուսանկարչին, այլեւ շատ ու շատ լեգենդար մարդկանց ներկայացրել են շահեկան դիրքից: