Ո՞վ էր Գառնիկ Զուլումյանը և ինչու՞ էին կարծում, որ նա հայ չէ

Գառնիկ Զուլումյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին Հալեպում: Ընտանիքը Սիրիա էր գաղթել Տիգրանակերտից, հայրը՝ Հարություն Զուլումյանը, լուսանկարիչ էր ու հաջողությամբ հոգում էր ընտանիքի բարվոք կենսակերպը։ Գառնիկի մանկությունն անհոգ էր, մինչև վրա չհասան Օսմանյան կայսրության ջարդերը։ Իննամյա երեխան ականատեսն էր, թե ինչպես են դաժանաբար սպանում իր հայրենակիցներին։ Հաջորդ հարվածը շատ ավելի անձնական էր. մահացավ Գառնիկի հայրը։ Պատանին ստիպված էր իր համեստ ուժերով հոգալ իր ու ընտանիքի գոյությունը։

1918 թվական. Գառնիկը մոր ու քրոջ հետ ստիպված էր տեղափոխվել Կահիրե՝ լավ ու ապահով կյանքի հետևից։ Գառնիկն ուսման անցավ Կահիրեի Գալուստյան վարժարանում, որտեղ էլ առաջին անգամ դրսևորվեց նրա տաղանդը, որն ավելի մեծ հնարավորություններ էր ուզում, քան կարող էր ընձեռել 20-ականների Եգիպտոսը։

Կրությունն ավարտեց 1929 թվականին՝ հարմար գործ չգտնելով սկսեց զբաղվել ծաղրանկարչությամբ. համագործակցում էր իտալական պարբերականների հետ, ծաղրանկարների հիմնական թեման էլ Ադոլֆ Հիտլերն էր։ Այդուհանդերձ, հոգով նա գեղանկարիչ էր, նկարում էր, ներկայանում տարբեր ցուցահանդեսներում։ 1920-ականների վերջերից սկսվեց Գառզուի գեղանկարչական ուղին։ 1929 թվականին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացավ  մրցանակի. սա նրա առաջին մեծ հաջողությունն էր, որը խոստանում էր շարունակական լինել։

Ի դեպ, Ֆրանսիական իրականության մեջ քսաներորդ դարի անվանի նկարիչը հայտնի դարձավ Ժան Գառզու անունով: Այդ պատճառով էլ, եթե թե նրա գործերին մանրակրկիտ չնայես, դժվար կլինի գլխի ընկել, որ այս ֆրանսիական հնչողությամբ անվան կրողը հայ է։

Ֆրանսիան ըստ արժանավույն է գնահատել հայ նկարչին։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մեծաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Պատվո լեգեոնի ասպետ»-ի կոչմանը, «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսին, ընտրվել է ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ՝ ստանալով «անմահ»-ի կոչում։ 1986 թվականին Վանս քաղաքում բացվեց նկարչի գործող թանգարանը, երեք տարի անց Մանոսկ քաղաքում բացվեց Գառզուի մեկ այլ թանգարան, որն անվանեցին ՝ «Գառզուի մատուռ». թանգարանը գործում է մինչ օրս։

«էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի՝ մի փոքր փայլատակումը։ Հպարտ պիտի զգամ ես ինձ, եթե սիրեն ու գնահատեն իմ արվեստը»…

Գառզու