«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել գոռացի՝ ես ողջ եմ». վիրավոր Սեյրանի պատմությունը

20-ամյա Սեյրան Սողոյանի ծառայության ավարտին ընդամենը 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Որոտանում ծառայող տղաները առաջիններից էին, ովքեր մեկնեցին Ջաբրայիլը պաշտպանելու:

Հորդառատ անձրևին հոգնած ու սպառված՝ նրանք չէին դադարում կռվել ու առաջ գնալ: Հետո տեսնում են, որ հակառակորդի կողմից դեպի իրենց է գալիս 100 տանկ: Բայց դա նրանց չի կանգնեցնում. նրանք առաջ են գնում երկու տանկային վաշտով: Տղաներին հաջողվում է թշնամու մի քանի տանկ խոցել, սակայն ուժերի անհավասարության պատճառով՝ նրանք ստիպված են լինում նահանջել:

seyran

Երբ իր վաշտից երկու տղայի վիրավոր է տեսնում, Սեյրանը մեկին աջ ձեռքով է գրկում, մյուսին՝ ձախ, ու արագ տեղափոխում է մեքենայի մեջ: Նրանցից մեկին խնդրում է, որ երբ հասնի հիվանդանոց, զանգի իր հայրիկին ու ասի, որ ինքը նրանց շատ է սիրում: Ընկերը ձեռքով խփում է ուսին ու ասում, որ չի ասի, որովհետև Սեյրանը անձամբ կգնա ու կխոսի նրանց հետ:

Սեյրանը հետո դիրք է վերադառնում ու տեղի է ունենում ամենասարսափելին. իր իսկ աչքի առաջ զոհվում է իր ամենամոտ ընկերը: Նա, չլսելով հրամանատարի հրամանը, բարձրանում է տանկը և այդ պահին վիրավորվում է թշնամու գնդակից: Երբ նկատում են, որ նա վիրավոր է, նրան տանկից դուրս են հանում ու պառկեցնում գետնին: Այդ ժամանակ Սեյրանը հանգիստ շունչ է քաշում ու փակում աչքերը:

soghoyan seyran

Մի փոքր անց Սեյրանը զգում է, թե ինչպես է բժիշկը մոտենում իրեն, զննում ու հարց տալիս, սակայն նա ի վիճակի չի լինում պատասխանել կամ գոնե մատները շարժել: Այդ պահին բժիշկը կարծում է, թե տղան մահացած է ու հրաման է տալիս՝ նրան տեղափոխել մահացածների մոտ:

«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել գոռացի՝ ես ողջ եմ»,- պատմում է Սեյրանը ու ավելացնում. «Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։ Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։ Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատներով աչքերս բռնել էր, որ չփակեի: Եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»:

Սեյրանը հավատում է հրաշքներին ու ասում է, որ եթե Ջաբրայիլից այստեղ է հասել, ուրեմն հաստատ մի օր կքայլի: