Սալվադոր Դալին և Արամ Խաչատուրյանը հանդիպե՞լ են: Հետաքրքիր փաստեր, որ դուք չգիտեիք

Ռուս գրող Միխայիլ Ուելլերի կողմից տարիներ շարունակ շրջանառվել է այն վարկածը, որ իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալին և հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի միջև տեղի է ունեցել մի շատ տարօրինակ հանդիպում: Ըստ այդ պատմության՝ Արամ Խաչատուրյանն Իսպանիայում գտնվելիս ցանկացել է հանդիպել նկարչի հետ: Դալին նրան հրավիրել է իր տուն, որտեղ Խաչատուրյանը ստիպված է եղել սպասել նրան մի քանի ժամ:

Մի քանի ժամ անց շատ բարձր ձայնով հնչել է Խաչատուրյանի «Սուսերով պարը», և երաժշտության տակ պարելով դուրս է եկել Սալվադոր Դալին՝ ամբողջովին մերկ: Նա պարել է Խաչատուրյանի առջև, և երբ երաժշտությունն ավարտվել է, հեռացել է՝ ասելով, որ իրենց հանդիպումն ավարտված է:

Խաչատուրյանի թանգարանում հերքում են այս հանդիպման մասին փաստերը և նշում՝ որտեղից է այս պատմությունն առաջացել: Ռուս գրողը՝ Ուելլերը, իրականում ցանկացել է հարցազրույց ունենալ Խաչատուրյանի հետ, որը մերժվել է հենց Խաչատուրյանի կողմից: Զայրացած այս մերժումից՝ Ուելլերը հավանաբար որոշել է կերտել այսպիսի մի ծիծաղաշարժ պատմություն, սակայն փաստն այն է, որ Խաչատուրյանն իր կյանքի ընթաղքում անգամ չի այցելել Իսպանիա:

Մի քանի տարի առաջ Ս. Դալիի թանգարանը փորձել է ճշտել Խաչատուրյանի թանգարանից այս ինֆորմացիայի հավաստիությունը: Սակայն Խաչատուրյանի թանգարանից նշում են, որ այս պատմությունը հավանաբար միայն Ուելլերի վառ երևակայության արդյունքն է եղել: