Վանա լճի առեղծվածային վիշապների լեգենդը

Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ)։ Անվանի ճանապարհորդ Լինչը գրում էր. «Լճի ջրի մաքրեցուցիչ հատկությունների մասին Ստրաբոնի հաղորդագրությունը փայլուն հաստատում ստացավ։ Բավական է նրա մեջ մի փոքր լողանալ, որպեսզի ջրից դուրս գաք այնպես մաքուր, կարծես թե ամբողջ մարմինը օճառ եք քսած, սակայն օճառ՝ չափազանց հաճելի որակի, որը մաշկի վրա թավշի զգայություն է թողնում»։
Լճի մասին պատմվող լեգենդներն ու առեղծվածները շատ են. թերևս դրանցից ամենահայտնի լեգենդն է այն մասնին, որ…

Վանա լճի մեջ ահռելի վիշապներ կան, որոնց հետ միշտ պատերազմում են հրեշտակները: Երբ վիշապը հազար տարեկան է դառնում, հրեշտակները ջրից վեր են քաշում նրան, մոտեցնում են արեգակին, որի տաքությունից նա մոխիր է դառնում և փոշիացած թափվում գետնին:

Այդ օրերին լճի շրջակայքում այնպիսի թանձր մառախուղ է տիրում, որ մարդիկ ցերեկով մի քանի քայլի վրա իրար չեն տեսնում, օդը դղրդում է, գետինը շարժվում, և երկնքից մոխիր է թափվում:

***

Վանա լճի մեջ վիշապի բույն կա , այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը: Հրեշտակները միշտ հարվածում են նրա պոչին, վիրավորում , որպեսզի վիշապը չմեծանա և լիճն ու ցամաքը կուլ չտա: Վիշապը մազեր և թևեր ունի և երբեմն սաստիկ ջուր է փչում երկրի վրա: