Հրաշքով փրկվածը. ինչու՞ բժիշկները վախեցան վիրահատել այս հերոսին և ո՞վ փրկեց նրա կյանքը
44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Հայկ Հայրապետյանը պատերազմի օրերին կռվել է տարբեր ուղղություններով՝ սկզբում Ջրականում, հետո Հադրութում և Վարանդայում: Նոյեմբերի 8-ին Մարտունիում Հայկը ԱԹՍ-ի հարվածից գլխի հատվածում ստացել է ծանր վիրավորում:
Մեր հերոսը զրույցը սկսում է ասելով, որ պետք է շնորհակալ լինել ամեն վայրկյանի և ունեցածի համար, իսկ կյանքը անպայման կգնահատի դա և դու կունենաս ավելին:

Հայկի ապրելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ նա կարողացել է փրկվել իր ծայրահեղ ծանր վիճակից: Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի: Ճիշտ է, Հայկը դեռ լիարժեք չի ապաքինվել, ու նրա պայքարը դեռևս շարունակվում է, բայց նրա խոսքով՝ ամենադժվարն արդեն անցյալում է:
Հիվանդանոց տեղափոխելուց հետո Հայկին են մոտեցել միանգամից 5 բժիշկ, որոնցից 4-ը վախեցել են վիրահատություն կատարել: Նրանցից միայն մեկը՝ Աննա Լևոնովնան, ում Հայկը անվանում է իր Աստվածուհին, ռիսկի դիմեց և ասաց, որ կվիրահատի՝ նշելով, որ ապրելու հավանականությունը հավասար է զրոյի, և հարազատները պետք է պատրաստ լինեն վատագույնին:
Վիրահատությունը շատ բարդ ընթացավ, այն տևեց 9 ժամ, բայց, բարեբախտաբար, բարեհաջող ավարտվեց:
Մինչև վիրահատությունը Հայկը ընդհանրապես քայլել չէր կարող. հիմա նա քայլում է հենակներով: Նա շատ լավատես է և ասում է, որ ամեն ինչ ավելի է լավանալու, ինքը պայքարելու է և գնալու է մինչև վերջ: