Ի՞նչ չգիտենք Մեսրոպ Մաշտոցի մասին: Ավանդապատումներ, որոնք կզարմացնեն ձեզ

Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է հայ ժողովրդին թողած իր անփոխարինելի գյուտի հայոց գրերի ստեղծման համար: Կան մի քանի ավանդապատումներ՝ կապված նրա անվան հետ, որոնք միգուցե չեն համապատասխանում իրականությանը, սակայն արժե հիշատակել դրանք:

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծելու նպատակով գնում է հեռավոր երկիր՝ ուսանելու: Մի օր նա այնտեղ մի եկեղեցի է մտնում, որ տեսնում է պատին լույս է ընկել: Շատ է զարմանում և սկսում է աղոթել: Գիշերվա մի ժամի Մաշտոցը գլուխը բարձրացնում ու տեսնում է, որ մի խաչ է պատկերվել պատի վրա՝ թևերին տառեր: Այնուհետև նա մի ձայն է լսում, որն իրեն ասում է, որ հենց դրանք են հայոց տառերը: Այդպես էլ ստեղծվում են մեր գրերը:

Մի ուրիշ պատմություն էլ ասում է, որ երբ Մաշտոցը մահանում է, նրա մարմինը դնում են սայլին և ասում՝ տարեք թաղեք այնտեղ, ուր եզները կկանգնեն: Եզները կանգնում են  Թորեի տան մոտ, աղբյուրի առաջ: Սակայն այդ տեղը չափազանց աննշան էր համարվում, այդ պատճառով այնուամենայնիվ որոշվում է նրան թաղել Օշականում: Հենց այստեղ էլ գտնվում է մեծն հայի գերեզմանը: Իսկ  Թորեի տան մոտ, թաղվում է միայն նրա ճկույթը, որի վրա էլ հետագայում կառուցվում է վանք: