Սերը՝ պատերազմից առաջ և հետո. Այս զույգը հաղթահարեց պատերազմը
Երևի բոլորս էլ մեր շրջապատում ճանաչում ենք մարդկանց, ովքեր պայքարում են իրենց սիրո համար անկախ ամեն ինչից: Այնուամենայնիվ, պայքարը բոլորովին այլ է, երբ հակառակորդը պատերազմն է: Այս դեպքում ոչ ոք չգիտի, թե հանգուցալուծումը ինչպիսին կլինի, ու երջանկությունը կորցնելը վայրկյանների հարց է:
Պատերազմ հաղթահարած, ավելի ամուր ու միասնական դարձած զույգերից են Համազասպ Թովմասյանը և իր կինը՝ Արմինե Գրիգորյանը: Պատերազմը սկսվելու ժամանակ նրանք ընկերություն էին անում: Համազասպը միանգամից որոշում է, որ պետք է կամավորագրվի և գնա պաշտպանելու իր հայրենիքի սահմանները:

Արմինեն, իհարկե, գիտեր, որ շատ դժվար փորձություն է սպասվում երկուսին էլ, բայց ընդդիմանալ ու չհասկանալ ընկերոջը չէր կարող: Հիմա, երբ հիշում է պատերազմի ժամանակ ունեցած ապրումների մասին, նախընտրում է չխոսել, որովհետև առանց արցունք չի ստացվում հիշել այդ օրերը:
Սկզբնական շրջանում Համոն մեկ-մեկ զանգում էր՝ գոնե ասելու, որ լավ է, ու ամեն ինչ կարգին է: Արմինեի խոսքով՝ ընկերը միշտ հույս է տվել ու ասել, որ հաղթելու են ու բոլորով հետ վերադառնան: Համոն իր խոստումը պահելով վերադառնում է, և նրանք ամուսնանում են:
Արմինեն ասում է, որ պատերազմից հետո իրենք խոստացել են, որ անկախ ամեն ինչից միշտ միասին են լինելու: Ավելացնում է, որ պատերազմը ամեն ինչ փոխել է ու թույլ տվել վերարժևորել ու վերագնահատել կյանքը: Չնայած այս ամենին Արմինեն ու Համազասպը վստահ են, որ պետք է միշտ լինել սիրելի մարդկանց կողքին, ամուր պահել սերը և հաղթահարել ցանկացած խոչընդոտ: