Արդյո՞ք Սայաթ-Նովայի կյանքի մասին ամեն ինչ ճիշտ գիտենք: Փաստեր, որոնք կզարմացնեն ձեզ

Սայաթ-Նովայի մասին մեր իմացած պատմություններն արդեն դասական են դարձել, և մենք դրանք ընդունում ենք առանց առարկման: Սակայն կան փաստեր, որոնք վերաբերում են նրա կյանքին և իսկական առեղծվածներ են: Դրանց հավաստիության մասին կարելի է անվերջ խոսել:

Այդ առեղծվածներից մեկը Սայաթ-Նովայի սիրո մասին առեղծվածն է: Ընդունված է այն կարծիքը, որ նա սիրահարված էր վրաց Հերակլ 2-րդ արքայի քրոջը՝ Աննային: Սակայն որոշ մասնագետներ նշում են, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում երբեք չեն հանդիպել այս փաստը հաստատող որևէ նյութ: Փոխարենը, իր թուրքերեն երգերից մեկում Սայաթ-Նովան նշում է Դալիթա անունով մի աղջկա անուն և երգում սիրո խոսքեր նրա պատվին: Ենթադրվում է, որ Դալիթան մի հույն գեղեցկուհի էր, որի հանդեպ անտարբեր չէր Սայաթ-Նովան:

Կա վարկած, որ Սայաթ-Նովային վտարել են վրաց արքունիքից հենց Աննայի հանդեպ ունեցած սիրո համար: Նա որոշ ժամանակ անց վերադարձել է այնտեղ և կրկին սկսել գաղտնի հանդիպել Աննայի հետ: Գաղտնիքը բացահայտվել է, և Աննային ամուսնացրել են մի իշխանի հետ, իսկ Սայաթ-Նովային ոչ միայն նորից վտարել են արքունիքից, այլ նաև հեռացրել վրացական բարձրաշխարհիկ հասարակությունից: Նա էլ ամուսնացել է Մարմար անունով մի լոռեցի կնոջ հետ և ունեցել 4 երեխա: Սակայն սա էլ այնքան չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ Սայաթ-Նովան սիրում էր իր երգերում ծաղրել հատկապես բարձրաշխառհիկ հասարակությանը: Եվ այսպես, նա երգիծական երգեր է գրել՝ նվիրված Անտոն Կաթողիկոսին, Վախթանգ արքայազնին, և այլոց: Ասում են, որ նա չափն այնքան է անցել, որ նրան վտարել են արքունական աշուղի բարձր պաշտոնից: Աշուղն իր հայտնի ստեղծագործություններից մեկում նույնիսկ ասում է՝ «Ո՞ւմ մեղադրեմ, ինչի՞ց եղավ, էս ամենն իմ խելքից եղավ»: