Նա զոհվեց հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումով. պատերազմի հերոս Ջիվան Գրիգորյան

Ջիվան Գրիգորյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից էր: Սովորել է ԳՊՄԻ ֆիզկուլտուրայի բաժնում: Շիրակցի հերոսը 2016թ.-ից ծառայում էր ԱԱԾ զորքերում: Նա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախում: Տան միակ որդին էր, ուներ մեկ քույր:

Ջիվանը իր 29-ամյակը դիրքերում է նշել, չնայած էլի են եղել տարիներ, երբ ծննդյան օրը հերթապահության է եղել: Իսկ այս տարի արդեն հերոսի 30-ամյակը հարազատները նշում են առանց նրա ֆիզիկական ներկայության՝ հիշելով նրա մասին պատմությունները և ջերմանալով նրա կարոտից:

jivan grigoryan

44-օրյա պատերազմի հերոսը անմնացորդ նվիրված էր հայրենիքին: Մի քանի անգամ փորձել է երկրից գնալ և ապրել արտերկրում, բայց ամեն անգամ հետ է եկել և վստահեցրել, որ հայրենիքից ապահով տեղ չկա: Հենց այդ պատճառով նա որոշել է ամբողջ կյանքում ծառայել հայրենիքին, քանի որ իր երկրի սահմանները պետք է պաշտպանված լինեն:

Ամեն ինչում՝ ուշադիր, ամեն հարցում՝ անթերի… այդպիսինն էր Ջիվանը, ով սիրում էր և՛ կյանքում, և՛ աշխատանքում ամեն ինչ իդեալական անել: Հարազատների խոսքով՝ նա շատ հանգիստ մարդ էր, բողոքել չգիտեր և ամեն ինչին շուտ հարմարվում էր: Բայց այս ամենի հետ մեկտեղ կամային էր ու, եթե մտքին մի բան դներ, ապա անպայման կաներ:

Հարազատները հերոսի մասին տեղեկություն չունեին հոկտեմբերի 20-ից սկսած: Նոյեմբերի 1-ին լուրը հասնում է, որ նա քաջաբար զոհվել է: Ջիվան Գրիգորյանը արդեն ավարտել էր իր հերթափոխը, երբ չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել: Նրան տուն էին ուղարկել, բայց նա չէր ուզել զինվորներին մենակ թողնել ու նորից բարձրացել էր դիրքեր…