44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Կարապետյանի հուշարձան-հուշաղբյուրի բացումը

Հոկտեմբերի 25-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում զոհված 21-ամյա Գևորգ Կարապետյանի հիշատակին նվիրված հուշարձանի և հուշաղբյուրի բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, ծանոթ-անծանոթ մարդիկ, ովքեր մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակված հերոսների հիշատակը: Գևորգի թաղամասի երեխաները կենդանի կատարմամբ հանդես եկան և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի վրա:

zinvor

Գևորգի հայրենասիրության մասին անհնար է չխոսել, բոլորը գիտեին այդ մասին դեռ մինչև նրա բանակ գնալը: Նա հայրենիքը սիրում էր իր անձի պես և հանուն նրա ամեն ինչի պատրաստ էր: Հերոսը շատ հաճախ էր մեջբերում Մոնթե Մելքոնյանի խոսքերը՝ Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք…իսկ հիմա, իսկապես, եկել է նրա գործը շարունակելու ժամանակը:

Հերոսի ծնողները վշտացած են ինչպես բոլոր որդեկորույս ծնողները, բայց, միևնույն ժամանակ, նրանք անասելի հպարտ են, որ այդպիսի որդի ունեն: Հուշարձանի համար նրանք հատուկ են այդ վայրը ընտրել, քանի որ նրանք հավատում են, որ իրենց հերոս որդին արծվի նման սավառնում է երկնքում: