«Ավրորան» 50000$ է հատկացնելու Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ ՀԱՅ համահիմնադիր Վարդան Գրեգորյանի

Վարդան Գրեգորյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50,000 դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, ով կյանքից հեռացավ 2021 թվականին: Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ Վարդան Գրեգորյանն իր կյանքի ընթացքում ծավալել է բացառիկ և ահռելի նշանակություն ունեցող գործունեություն: Եվ նվիրաբերությունը առաջին հերթին հարգանք է՝ նրա մատուցած մեծ աշխատանքի ու թողած ահռելի ժառանգության: Գրեգորյան համար «Ավրորան» ունեցել է առանձնահատուկ նշանակություն:

«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշում է, որ Գրեգորյանի ամեն մարդասիրական քայլն ուղղված է եղել հայկական ժառանգության ու մշակույթի պահպանմանը: Վստահաբար նա ամեն կերպ կաջակցեր նախագծի իրականացմանը:

Մխիթարյան միաբանության գրադարանը պահպանում է տարբեր լեզուներով ավելի քան 150,000 հատոր, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական և գիտական աշխատություններ: Այն ստեղծման օրվանից մինչ այսօր եղել և մնում է հայագիտության կարևորագույն կենտրոններից մեկը:

Գրեգորգյանը գրքերը համարում էր «հույսի կայաններ», որոնք դարերով պահպանում են ժողովրդի մշակույթն ու դիմագիծը, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին և ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ լինեն «հույսի կայաններ» հայերի համար:

Մխիթարյան միաբանության գրադարան

«Միաբանության համար պատիվ է ընդունել այս առատաձեռն նվերը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, որն իր ջանքերն է ուղղում մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը և երկրորդ հնարավորություն տալիս ամենակարիքավորներին»,- ասել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ,Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը: