Մոնթեի յուրահատուկ հումորն ու սիրելի բառը

Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերներից Սլավիկ Հայրապետյանը մի առիթով պատմել է, որ Մոնթեն շրջում էր կարկատած հագուստով, իսկ նոր բաճկոնները բաժանում էր զինվորներին: Իսկ գերիների հանդեպ հատուկ ուշադրություն էր պահանջում:

«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց` պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու»,-պատմեց Սլավիկ Հայրապետյանը:

Մոնթեն չէր սիրում երկու բան, երբ իրեն շողոքորթում էին և ալկոհոլային խմիչքներ էին օգտագործում: Երկու դեպքում էլ նա օգտագործում էր իր սիրելի բառը՝ այդ մարդկանց անվանում էր «էշ»: Դա նրա ամենավատ բառն էր: Մոնթեի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանը կարոտով ու ժպիտով է հիշում Մոնթեի հետ պատահած դեպքերից մեկը.

Մի անգամ Մոնթեին տեղեկություն են տալիս, որ թշնամական մի տանկ կա մոտակայքում: Մոնթեն անմիջապես հայկական տանկ է ուղարկում վերջինիս ընդառաջ, պարզելու, թե ինչն ինչոց է և հրամայում է ամեն կերպ տանկը գրավելու: Մերոնք գնում են ու ինչպես է լինում, կրակում են թշնամու տանկին, շարքից հանում այն: Ասում են, հրամանատարի բարկությանը չափ ու սահման չի լինում, քանի որ տանկը վերցնելու փոխարեն անիմաստ ոչնչացրել էին այն: Նա հայկական տանկից դուրս է կանչում անձնակազմին ու հարցնում՝

– Դուն ո՞վ ես, քեզ ո՞վ իրավունք տվեց կրակելու։
Մարդն ասում է՝
– Ես հրամանատարն եմ։
– Դուն հրամանատար չես, դուն էշ ես,-հետեւում է Մոնթեի պատասխանը։
Հետո հարցնում է մյուս զինվորին՝
– Դո՞ւն ով ես։
– Ես հրաձիգն եմ։
– Դուն հրաձիգ չես, դուն ալ ես Էշ։
Հետո Մոնթեն նույն հարցը տալիս է երրորդ զինվորին, ով տանկի մեխանիկ-վարորդն էր, եւ ի զարմանս բոլորի հնչում է նման մի պատասխան՝ ես էշ եմ։
Որոշ ժամանակ բոլորն անակնկալ պատասխանից քար են կտրում, իսկ հետո լսվում է Մոնթեի ձայնը՝
– Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

1983 թվականին Մոնթե Մելքոնյանը հեռախոսով սեր խոստովանեց Սեդային: Ու այդ օրվանից նրանք անբաժան եղան: Նա մինչև օրս էլ հիշում է իր հերոսին: Սեդան որդի ունի. առանց վարանելու տղան կնքվեց Մոնթե անունով:

Մոնթե Մելքոնյանը սիրել է պառկել գետնին, նայել երկնքին ու խորհել կամ էլ զբաղվել է կենդանիների հետ։