Նա փայլուն կնոջ օրինակ է, ով ապրել է մի ժամանակ, երբ խելքն ու կամքի ուժը ամենավտանգավոր գծերն էին. Կռահեցի՞ք՝ որ հայ կնոջ մասին է խոսքը

Համաշխարհային պատմության մեջ ճանաչված հինգ ամենահամարձակ կանանց շարքում իր արժանի տեղն է զբաղեցնում հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը, ով կանանց իրավունքների իսկական մարտիկ է։ Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։

Ամերիկյան պարբերականներից մեկը նրա մասին գրել է հետևյալը. «Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, ով ապրել է մի ժամանակ, երբ խելքն ու կամքի ուժը ամենավտանգավոր գծերն էին։

Զապել Եսայանը ծնվել է Պոլսում։  Գիտելիքի ուժի հանդեպ հոր հավատի շնորհիվ նա ստացել է  գերազանց  կրթություն, որն այն ժամանակ հազվադեպ էր աղջիկների համար։ Սկյուտարի Սուրբ  Խաչ  դպրոցն ավարտելուց հետո  Զապելը  մեկնեց  Փարիզ և գրականության ու փիլիսոփայության դասընթացներ ընդունեց Սորբոնում և Քոլեջ  դը Ֆրանսում։ Դրանից հետո նա վերադարձավ Կոստանդնուպոլիս, այցելեց Կիլիկիա՝ գրելով այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը։

Շատերի համար օրինակ դարձած մեր հայրենակցուհին  չէր կարողանում  լռել անարդարության մասին, նա միշտ խոսում էր ճշմարտության ու պատվի դիրքերից։ Չնայած նրան, որ 1915 թվականին նրան հաջողվեց խուսափել ձերբակալությունից և ապաստան գտնել Բուլղարիայում, իսկ հետո Թիֆլիսում, 1936 թվականին՝ արդեն Խորհրդային Հայաստանում, նա դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ։ Մինչ այժմ նրա մահվան հանգամանքները հայտնի չեն։