Ինչպե՞ս Սպենդիարյանը ամուսնացավ եղբոր կնոջ հետ

895թ.-ին Ալեքսանդր Սպենդիարյանը Թեոդոսիայում կազմակերպված բարեգործական մի համերգի ընթացքում հանդիպում է Հովհաննես Այվազովսկու բարեկամուհուն՝ Վարվառա Մազիրովային: Երիտասարդ կոմպոզիտորն անմիջապես հրապուրվում է սիրուն Վարվառայով: Սպենդարյանը երկչոտ էր, ինչն էլ ստիպում է սեր խոստովանելու փոխարեն լրիվ այլ, անսպասելի որոշում կայացնել. «Վարվառայի հետ կամուսնանա եղբայրս՝ Լեոնիդը»:

Սպենդիարյանի եղբայրը հայտնի երկրաբան էր, մինչդեռ ինքը՝ Ալեքսանդրը, հոր խորհրդով ընդունվել էր Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում: Լեոնիդ Սպենդիարյանը և Վարվառա Մազիրովան ամուսնանում են, ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկ որդին:

«Միայն երաժշտական պարապմունքներն են, որ ինձ ցրում են ծանր մտքերից»,- գրում էր Ալեքսանդրը եղբոր այրուն:

Ալեքսանդրի և Վարվառայի նամակներն ավելի պարբերական են դառնում, դրանց պարունակությունն՝ ավելի մտերմիկ: Կարծես՝ Սպենդիարյանի մոտ երկրորդ շնչառություն են ստանում նախկինում ապրած զգացմունքները: 1900 թվական, հորը հասցեգրված նամակում Սպենդիարյանը խնդրում է նրան համոզել Վարիային ընդունել իր ամուսնության առաջարկությունը:

«Ես սիրում եմ նրան իսկական խորը սիրով, և չափազանց դժվար կլինի նրանից մերժում ստանալը»,- գրում է Սպենդիարյանը հորը:

Վարվառան տալիս է իր համաձայնությունը: Սակայն Սպենդիարյանի սիրո պատմությունը կրկին կիսատ մնալու եզրին էր. հայ առաքելական եկեղեցին արգելում էր ամուսնությունը եղբոր այրու հետ:Բանն այն է, որ Սպենդիրյանը կապված էր եկեղեցուն, առաքելական կրոնն իր կյանքում միշտ մեծ դեր էր ունեցել: Այդժամ կոմպոզիտորը երկընտրանքի մեջ էր՝ կրկին հրաժարվել անձնական երջանկությունից, թե այդքան հարազատ եկեղեցուց…

Պսակադրությունը տեղի ունեցավ բողոքական եկեղեցում: Նորապսակները Սպենդիարյանի հոր կողմից առանձնատուն ստացան Յալթայում, այն ժամանակին եղել էր սերբ թագուհու նստավայրը, իսկ շուտով դառնալու էր տեղի հայերի մշակութային ու մտավորական կենտրոնը: Այդ տունը հյուրընկալեց ժամանակաշրջանի մի շարք ականավոր գործիչների՝ Մաքսիմ Գորկի, Վարդգես Սուրենյանց…

Հետագայում Սպենդիարյանը բազմաթիվ անգամ դիմեց եկեղեցուն կրկին առաքելական հավատք ընդունելու խնդրանքով, 20 տարի շարունակ մի շարք մերժումներից հետո վերջապես Սպենդիարյանին ետ ընդունեցին առաքելական եկեղեցի: Սպենդիարյանը վախճանվեց, կառավարական մակարդակով անցկացված հուղարկավորությանը այդպես էլ հոգեհանգստյան շարական չհնչեց և միայն 80 տարի անց՝ կոմպոզիտորի մահվան տարելիցին նրա շիրիմին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: