Հայ վրիժառուի անհայտ կյանքը
Թեհլերյանը հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ։
Թեհլերյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը:

Ընդ որում, մարտական բազմաթիվ գործողությունների մասնակցելուց բացի (որոնցում նույնիսկ վիրավորվել է), Ս. Թեհլիրյանը 1916-1917 թթ. զբաղվել է նաև որբահավաք գործունեությամբ, ինչը տակավին նրա կենսագրության չլուսաբանված և պատշաճ ուշադրության չարժանացած դրվագներից է:

Թեհլերյանը Երզնկայում հայտնաբերում է մահմեդականների տներում բռնի պահվող և անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված ու ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և հանձնում հայկական որբանոցների խնամքին: Նա Երզնկայում հայ կամավորականներից կազմված որոնողական խմբի անդամ էր և ստացել էր «որբեր հավաքողի պաշտոն»։