Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային հարթակներում արժանացել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգին

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմը 4 մրցանակ է ստացել Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում, այդ թվում՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև լավագույն սցենարի, լավագույն ձայնի և լավագույն երաժշտության համար։Այս մասին ասվում է փառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է:
Ֆիլմը պատմում է 2016թ-ի Արցախյան պատերազմի մասին: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել է որպես իրենը: