ՀԱՅ բռնցքամարտիկները, վստահ քայլերով, աշխարհի առաջնության հաջորդ փուլում են

Հայ բռնցքամարտիկները շարունակում են վստահ քայլերով առաջ գնալ: Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցույթային օրվա արդյունքներով Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Նրանցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր:

Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկները կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկը ղեկը վերցրեց իր ձեռքը: Առաջին ռաունդում Բադալյանը հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում հայ մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ հավաքեց ու սկսեց պաշտպանվել՝ հոգնեցնելով մրցակցին: 3-րդ ռաունդում մրցակիցն արդեն ուժասպառ էր: Երևում էր, որ հայ բռնցքամարտիկը ռինգում ուներ բացարձակ առավելություն և խաղը տանում էր այնպես, ինչպես ցանկանում էր: