Նա պատրաստվում էր կրակել Թալեաթին, եթե դա չաներ Սողոմոնը։ Ո՞վ էր նա․․․

Ինչպե՞ս փոխվեց գաղտնի պլանը և նոր վրիժառու ընտրվեց։ Սա հարց է, որը հետաքրքրում է բոլորին։

Ըստ որոշ կարծիքների, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին, իսկ հետո նոր առաջարկվել է Թեհլերյանին։ Բայց դեպքերը ցույց են տալիս, որ այս գործի հետևում կանգնած էին երկուսը միասին։

1919-1921 թթ., Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։

Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ 

Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։

Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլինում՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։

Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թ. մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։

 Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։

 Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։

 Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։