Ո՞վ է ՆԺԴԵՀԻ ՄԱՅՐԸ
Հայրենասեր մորից` հերոս որդիներ, հաղթական դափնիներ ու անկախ Հայրենիք:
Տիրուհի Գյուլնազարյանը, հայոց հերոսի մայրը ծնվել է 1850-ականներին Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում ու եղել է նրա 7 դուստրերից մեկը։ Ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ ԱՆԻԿՆ ու ՑՈԼԻՆԵՆ, և 2 որդի՝ ԼԵՎՈՆՆ ու ԳԱՐԵԳԻՆԸ:

1888 թվականին, երբ երեխաներից ավագը՝ Անիկը 11, իսկ կրտսերը՝ Գարեգինը 2 տարեկան էր, մահանում է ընտանիքի հայրը։ Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։ Գարեգին Տեր-Հարությունյանին բարձրագույն ռազմական կրթություն օգնում է ստանալ նրա ազգականներից մեկը՝ Ցոլակը, որը այդ ժամանակ ցարական բանակի սպա էր։
Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, որը Ջուղայում ուսուցիչ էր։ 1920-ականներին, երբ Գարեգինն արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը, գնում է հանգստանալու Դիլիջանում՝ իր հետ տանելով տատին՝ Տիրուհուն։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է ու 1938 թվականի փետրվարի 21-ին նա մահանում է։

Այն վայրը, որտեղ ամփոփված է եղել Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը, երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակի առթիվ Դիլիջանի քաղաքապետարանի ու «Նախիջևան» միության նախաձեռնությամբ գտնվեց Նժդեհի մոր գերեզմանը, որն այսօր ուխտատեղի է դարձել։ Այն գտնվում է Դիլիջանի հին գերեզմանոցում:
Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։
ՄԱՅՐ անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի, և ոչ թե բոլորի: Իրենց որդիներով պիտի ճանաչել և գնահատել կանանց: