Ո՞վ էր այն հայը, ում Թեհլերյանը սպանեց իր իսկ տան մեջ՝ բաժակաճառ ասելիս

Հայերի ցեղասպանությունը իրականացնելու ճանապարհին, քիչ չեն եղել նաև այն հայերը, ովքեր օգնել են թուրքերին՝ իրենց ունեցած տեղեկատվությամբ:

Պոլսում գտնվելու ժամանակ` Թեհլերյանը տեղեկացավ, որ կոտորված հայ մտավորականների ցուցակը կազմել է Հարություն անունով մի հայ:

Այս գաղտնի ինֆորմացիան նրան տվել էր մի հայ կին, օրիորդ Երանուհին, ով էլ հետագայում Թեհլերյանին ծանոթացրեց դաշնակների հետ: Թեհլերյանը խնդրել էր Երանուհուն, ցույց տալ Հարությունի տան տեղը: Թեհլերյանը ծանոթների միջոցով տեղեկացավ, որ Հարություն Մկրտչյանի կազմած և ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնված սև ցուցակը բաղկացած է եղել 250 մտավորականի անունից, որոնցից հազիվ 10 մարդ է փրկվել:

ceghaspanutyun

Այս տեղեկատվությունից հետո, Թեհլերյանը շատ երկար ժամանակ չէր գտնում իր տեղ: Ու նա սկսեց հետևել Հարությունին: Հավանաբար զգուշավորությունից ելնելով՝ Հարությունը միշտ փակ էր պահում իր դուռը:

Մի երեկո Թեհլերյանը փողոցից հետևեց Մկրտչյանի տան անցուդարձին, տեսավ, որ տանն ինչ-որ հավաքույթ է ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Երկար մտածեց Թեհլերյանը, հանեց ատրճանակը ու դիրքավորվեց այնպես, որպեսզի ճիշտ կրակոց արձակի: Ու նա չսխալվեց: Նա կրակեց ուղիղ դավաճանի սրտին ու տեսավ, թե ինչպես գետնին տապալեց նրան, ապա արագ հեռացավ: Այսպես՝ Թեհլերյանը վրեժ լուծեց նաև դավաճանության համար։