Ուկրաինայում հայտնի հայ ռեստորատրը

Վարդկես Արզումանյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 15-ին  Բաքվում, սակայն արմատներով Արցախից է՝ Ստեփանակերտից։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Բաքվում։ 1970 — 1980 թվականներին սովորել է թիվ 126 միջնակարգ դպրոցում, որից հետո ընդունվել է Դոնի Ռոստովի ժողովրդական տնտեսության ինստիտուտ։

1990 թվականին նա սկսում է իր կարիերան «Գազպրոմ» կորպորացիայից, որտեղ 29 տարեկանում ուներ 3000 հոգանոց աշխատակազմ: 1993 թվականին նա իր արձակուրդը անցկացրել է Լվովում և որոշել ընդմիշտ մնալ  այնտեղ։ Միաժամանակ նա հիմնել է Restaron ընկերությունը, որը ներկայումս ներառում է 4 ռեստորան։ 

Բացի ռեստորանային բիզնեսից, նա նախաձեռնություններ է իրականացնում Լվովի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու համար։ 2007 թվականից նա հանդիսանում է քաղաքի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ ։ 2006-2010 թվականներին՝ 5-րդ գումարման Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր։

 Վարդկեսը ունի հետաքրքիր հոբբի։ Նա երկար տարիներ հավաքում է 18-20-րդ դարերի հնաոճ ճաշացանկեր, որոնք նա ձեռք է բերում ամբողջ աշխարհի աճուրդներից։ Այսօր հավաքածուն ներառում է մոտ 2000 ճաշացանկ, որոնցից ամենաարժեքավորը լեգենդար նկարիչ Ալֆոնս Մուչայի նկարած ճաշացանկերն են, ինչպես նաև Տիտանիկի ճաշացանկերը։