Հանրաճանաչ Քամյուի, Բոդլերի, Լորկայի գրքերի նկարազարդողը ազգությամբ հայ է. ո՞վ է նա

Խոսքը հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժանսեմի  (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան) մասին է:

1922 թվականին ընտանիքով հաստատվել է Սալոնիկում, որտեղ էլ անց է կացրել մանկությունը, այնուհետև ամուսնու վախճանվելուց հետո, Ժանսեմի մայրը՝ 1931 թվականին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։

Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-1936), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (1939), ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում ՝ «Ջութակահարը» նկարով, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ 1956 թվականին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958 թվականին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։

Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում։

Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973 թվականին։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001 թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում գործում է Ժանսեմի սալոնը, որտեղ ցուցադրվում է նրա «Ցեղասպանություն» շարքը։