Սասունի վերջին հայկական ընտանիքը բացահայտվել է թուրք լրագրողի կողմից

Զարմանալիորեն կարող ենք ասել, որ թուրք լրագրողը՝ Սինեթը այցելել է Սասուն և գտել հայկական վերջին ընտանիքին։

 Նրա խոսքերով գյուղը, որտեղ նա այցելել է բավական դժվարամատույց տեղում է գտնվել, որտեղ գրեթե անհնար է եղել բարձրանալ թե՛ մեքենայով, թե՛ ոտքով: Սասունի բոլոր գյուղերի ճանապարհներն էլ ժայռապատ են և ձմռանը դրանք շուրջ վեց ամիս փակ են լինում: «Այդ ճանապարհով քայլելն անգամ անհնար էր, սակայն գնալը մեզ համար պատիվ էր: Հայերեն գյուղի անունը Վանք է. անունը ստացել էր Վանք եկեղեցուց»,- պատմում է թուրք լրագրողը:

Նա գրում է, որ նախքան ցեղասպանությունը Սասունն ունեցել է մեծ թվով վանքեր և եկեղեցիներ, որոնք, սակայն, հետագայում թալանվել են և ավերվել: Նա մեծ ուրախությամբ է խոսում այն մասին, որ իրենք հայկական ընտանիք էին գտել, քանի որ «ցեղասպանությունից հետո այս շրջանում հայակական ընտանիք գտնելը գրեթե անհնար է»:

 Խոսելով Սասունում հայական գերեզմանատների մասին, նա պատմում է, որ բոլորը ոսկի և գանձեր փնտրող արկածախնդիրների կողմից հավասարացվել էին հողին:

Նա նկարագրում է, որ հայկական ընտանիքը մեծ սիրով է իրենց հյուրընկալել և պատմել իր պատմությունը: Ընտանիքի հայրը Ջեմիլն էր, ով ծնվել է 1937թ-ին՝ նա ստիպված է եղել փոխել իր անունը: «Ջեմիլը և նրա կին Ֆերիդեն այնքան ցավ էին ապրել, որ այն ուղղակիորեն անհնարին է նկարագրել: Կնոջ պապն ու տատը ցեղասպանության տարներին փախել էին և կորել, իսկ հայրը գերի էր ընկել մի թուրքական ընտանիքի մոտ, որտեղ ստիպված էր եղել ամեն տեսակի աշխատանք կատարել, որպեսզի ողջ մնա։ Բայց ի վերջո նրան հաջողվում է փախչել և ամուսնանալ Ֆերիդեի մոր հետ:

SONY DSC

Իր հերթին Ջեմիլը ևս պատմել է, թե ինչպես են իր աղջկան փախցրել, ով օրեր հետո է միայն վերադարձել, սակայն վերջինիս սպառնացել են սպանել` ոստիկանություն բողոք ներկայացնելու դեպքում: Այս դեպքից հետո Ջեմիլն իր աղջիկներին ուղարկել է Ստամբուլ, իսկ ինքը բնակվում է որդու և նրա ընտանիքի հետ:

«Այնքան պատմելու վիշտ կա, որ մեկն ավարտվում, մյուսն է սկսվում, որդիս: Այնքան վիշտ ունենք, որ մինչև մահ հնարավոր չի լինի մոռանալ»,- ասել է Ջեմիլը: