44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի խաչքար Շիրակի մարզի Արևշատ համայնքում

Հոկտեմբերի 30-ին Շիրակի մարզի Արևշատ համայնքում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաքար-խաչքար, որի բացման պատիվը տրվեց պատերազմում զոհված տղաների ծնողներին:

Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը օծեց խաչքարը։ «Այս օրերին լրանում է մեր զոհերի ու նահատակների տարելիցը, և ահա մեր զգացմունքերն աղոթք դարձած արտահայտվում ենք խաչերի ու խաչքարերի տեղադրությամբ և օրհնությամբ, որոնք մեր քրիստոնեկան պատմության մեջ խորհրդանշել են դժվարություն ու պայքար, վերածնունդ ու հաղթանակ»,-իր խոսքում նշեց   Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը:

xachqar
pavel sahakyan

Ժամկետային զինծառայող Պավել Սահակյանը՝ ծնված 2000 թվականին, շատ երազանքներ ու ծրագրեր ուներ: Ծառայել է Մեղրիում, պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական ու այնտեղ էլ զինակից 18 ընկերների հետ զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից:

«Կենսուրախ էր ու բոլորին օգնելու պատրաստ: Ես հպարտ եմ, որ ինձ հիմա ճանաչում են որպես Պավելի քույր: Ճիշտ է, ցավս խորն է, բայց հպարտությունս էլ է շատ մեծ»,- ասում է Պավել Սահակյանի քույրը՝ Ալինա Սահակյանը՝ նշելով, որ հուշաքարի բացումը համընկավ եղբոր ծննդյան օրվա հետ: 

poxos meliqyan

1997 թվականին ծնված Պողոս Մելիքյանը որպես կամավոր էր մեկնել պատերազմ: Չնայած ավագ եղբայրը ծառայության ընթացքում զինհաշմանդամ էր դարձել, Պողոսը, չլսելով մորը, անմիջապես կամավորագրվեց: ԼՂ տարբեր բնակավայրերում է եղել, վերջում իր մահկանացուն է կնքել Շուշիում:

«Պողոսս կամավոր էր, բուժակ: Երազանքները շատ էին, բայց հայրենիքն առաջնային էր: Վերջին անգամ զանգեց՝ ասաց՝ մա՛ ջան, առյուծ որդի ունես՝ 10 զինվորի կյանք եմ փրկել՝ շրջափակումից հանել, ասի՝ որդի՛ս, կյանքդ վտանգի մի՛ ենթարկի: Ուզում էր ռազմաբժիշկ դառնար: Իմ Պողոսս անմահացավ նոյեմբերի 8-ին»,- ասում է մայրը՝ Մարինե Մելիքյանը՝ նշելով, որ հուշաքարը սերունդների համար իր որդուն հիշելու լավագույն ձևն է: