Ռոզի Արմեն՝ 60-70-ականների եվրոպական էստրադայի պայծառ հայ աստղը

Ռոզի Արմենը ծնվել է Փարիզում 1939 թվականի մայիսի 1-ին։ Ռոզիի ծնողները Նախիջևանից և Անկարայից էին։

Ռոզին վաղ տարիքից է սկսել երգելը․ մոտ 4 տարեկանից աչքի է ընկել իր տաղանդով։ Չնայած այն հանգամանքին, որ նրա ծնողները հավանություն չէին տալիս երգչուհու կարիերային, Ռոզի Հովհաննիսյանը հետագայում շարունակեց զբաղվել իր հոբբիով և ի վերջո վերցրեց Ռոզի Արմեն բեմական անունը։

Ինչպես բոլոր հայտնի ֆրանսիացի շանսոնյաները, Ռոզի Արմենն էլ սկսեց երգել սրճարանում։ Դրան նախորդել են դասերը կոնսերվատորիայում, իսկ հետո առաջին քայլերը՝ ելույթներ սիրողական համերգներում։

Երգչուհու կարիերայում կարևոր իրադարձություն էր 1965 թվականի մոսկովյան շրջագայությունը։ Տեղի հայերից մեկը Ռոզիին լսել էր ֆրանսիական ռադիոյով և իմանալով, որ երգչուհին հայկական արմատներ ունի, երգչուհու մասին գրել էր խորհրդային կառավարությանը, որից անմիջապես հետո Ռոզիին հրավիրել են Մոսկվա՝ 12 համերգով հանդես գալու։ Շրջագայությունն այնքան հաջող է անցել, որ երգչուհին ստիպված է եղել 28 համերգ տալ։

1988-ի Սպտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը նրան հրավիրում է իր և այլ երգիչների հետ ձայնագրելու «Pour Toi, ARMENIE» երգը։ Իսկ արդեն 1990 թվականին Ռոզին այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով օգնել երկրաշարժից տուժած մարդկանց և ցույց տալ, որ Ֆրանսիան աջակցում է հայերին։

Երգչուհու տաղանդի մեծ երկրպագուներից էին Տիգրան Պետրոսյանն ու Մարշալ Բաղրամյանը, իսկ Արամ Խաչատրյանը նույնիսկ երգ է նվիրել նրան։